ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Հրազդանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն, օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի հետ համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հարկային դաշտից դուրս գործող հյուրանոցային տնտեսություն են հայտնաբերել Ծաղկաձորում:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ պարզվել է, որ ստվերային հանգստյան գոտին պատկանում է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ահարոն Հայրապետյանը թեպետ դեռևս 2009 թվականին Հրազդանի ՏՀՏ է հանձնել պետական գրանցման վկայականը, սակայն շուրջ 4 տարի շարունակել է հյուրանոցային ծառայություններ մատուցել այցելուներին` միաժամանակ շրջանցելով հարկային դաշտը:
Ստվերային հյուրանոցը բաղկացած էր 12 կահավորված սենյակներից, որից 4-ն ընտանեկան են, իսկ գիշերավարձը կազմել է 20 000 մինչև 45 000 դրամ:
Ահարոն Հայրապետյանն այս տարիների ընթացքում ոչ միայն թաքցրել է իրացման շրջանառությունն, այլև խուսափել է հարկային պարտավորությունների կատարումից: Ավելին, իրականացված գործունեության վերաբերյալ անհատ ձեռնարկատերը որևէ հաշվարկ, հաշվետվություն հարկային մարմին չի ներկայացրել: Թաքցված շրջանառության ծավալները, արդյունքում առաջացած և պետբյուջե չվճարված հարկերի չափը ճշտվում է:
Մեկ այլ դեպքով էլ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները Կոտայքի մարզում են անօրինական գործունեություն հայտնաբերել: Այսպես, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Պռոշյան համայնքի Չաուշի 99 հասցեում գտնվող առևտրի սրահում «Ար-Արին» ՍՊԸ-ի լիազորված անձ Արման Գիգոլյանը հարկային դաշտից դուրս իրականացրել է դրամային շահումով խաղերի կազմակերպում: Ստվերային խաղատանը գործել է 7 խաղային ավտոմատ, որոնց գործունեության վերաբերյալ համապատասխան ելակետային տվյալները Արման Գիգոլյանը չէր ներկայացրել հարկային մարմին: