
NESTLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 12% ԱՃ
Սննդամթերքի արտադրության ոլորտում հայտնի Nestle ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 11,8%-ով և կազմել 10,6 մլրդ ֆրանկ: Միևնույն ժամանակ, տարեկան հասույթն աճել է 10,2%-ով և կազմել 92,2 մլրդ ֆրանկ (շուրջ 100,5 մլրդ ԱՄՆ դոլար):
Հատկանշական է, որ 2012 թվականին Nestle-ը հասույթի լավ ցուցանիշներ է գրանցել բոլոր տարածաշրջաններում, որտեղ ներկայացված է: Առավել դրական զարգացումներ գրանցվել են ասիական և աֆրիկյան շուկաներում: Եվրոպայում Nestle-ը գրանցել է վաճառքի ծավալների աճի առավել զուսպ ցուցանիշ (1,8%):
Nestle ընկերությունը հիմնադրվել է 1866 թվականին և այժմ համարվում է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն ունի 456 գործարան աշխարհի շուրջ 84 երկրում: