ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏԱՔՍԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատել է Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման արտոնագրման կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին առնչվող իր նախկին որոշումը։
Կառավարության պարզաբանմամբ՝ փաստաթուղթը միտված է ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավմանը և առկա խնդիրների վերացմանը, «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը, ավելորդ վարչարարության և փաստաթղթաշրջանառության կրճատմանը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում մասնավոր հատվածը տարեկան կունենա ավելի քան 1.6 մլրդ դրամ խնայողություն։
Երկու այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության նախկին որոշումներում, որոնք վերաբերում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգին և ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոններին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։
«Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», – ասել է վարչապետը և հավելել. «Ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենևին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը։ Դա նշանակում է, որ մենք հանրությանը պետք է ավելի ակտիվ ներկայացնենք դրական կետերը, որ իրականում փոքր և միկրո բիզնեսով զբաղվողներն էական շահ ունեն այս որոշումից: Տարեկան կտրվածքով մենք մասնավոր հատվածին 1.5 միլիարդ դրամ խնայողություն ենք ապահովում, իրենք ավելի հարմարավետ միջավայրում են աշխատելու, դեղին համարների համար ծախս չեն անելու. պետությունն այսուհետև անվճար է իրականացնելու նրանց հաշվառումը, 30 օրվա փոխարեն 5 օրվա ընթացքում ենք արտոնագիր տալու, ընդ որում` տարածքներում, որպեսզի չգան, հասնեն Երևան, հաշվետվություններն ենք վերացնում, բազմաթիվ անիմաստ տեխզննումները, որոնք ձևականորեն կային, բայց չէին կատարվում, ծախսատար էին. այս ամենը վերացնում ենք։ Կարևորն այն է, որ բարեփոխումն առավելապես անապահով խավին է վերաբերում, անհրաժեշտ է, որպեսզի տեղ հասնի այս տեղեկատվությունը», – եզրափակել է վարչապետը: