Տնտեսական

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 408.00+2.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 82.35+3.03 WTI - 80.43+3.69
COMEX:  GOLD - 2727.70+1.35 SILVER - 31.65+3.91
COMEX:  PLATINUM - 948.50+0.29
LME:  ALUMINIUM - 2601.50+1.62 COPPER - 9167.50+0.15
LME:  NICKEL - 15850.00-0.66 TIN - 29592.00-0.60
LME:  LEAD - 1935.00-1.58 ZINC - 2863.00+0.02
FOREX:  USD/JPY - 155.64-1.41 EUR/GBP - 1.0292-0.05
FOREX:  EUR/USD - 1.0292-0.05 GBP/USD - 1.2226+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43221.55+1.65 NASDAQ - 19511.23+2.45
STOCKS US: S&P 500 - 5949.91+1.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 38572.60+0.33 TOPIX - 2688.31-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 19522.89+1.23 SSEC - 3236.03+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 8301.13+1.21 CAC40 - 7474.59+0.69
STOCKS EUR:  DAX - 20574.68+1.50
16/01/2025  CBA:  USD - 398.10+0.01 GBP - 485.76-1.02
16/01/2025  CBA:  EURO - 409.45-0.86
16/01/2025  CBA:  GOLD - 34272.00+137.00 SILVER - 383.85+3.28
Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը
20/11/2024 19:54
Կիսվել

Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը

Համաշխարհային բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը՝ 2024թ. սեպտեմբեր։

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը  սեպտեմբերին ավելացավ` հասնելով 7 տոկոսի (տ/տ):
  • Գործազրկության ծավալներն ավելացան` 2023 թ. 2-րդ եռամսյակի 11.7 տոկոսից  2024 թ. 2-րդ եռամսյակում հասնելով 13.8 տոկոսի:
  • Գնաճը հոկտեմբերին մնաց կայուն` 0.6 տոկոս  (տ/տ):
  • Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը։
  • Արտահանման մյուս ոլորտներում սեպտեմբերին պատկերն անփոփոխ էր (տ/տ):
  • Վարկերի աճի տեմպը շարունակեց գերազանցել ավանդների աճի տեմպը: Սեպտեմբերին գրանցվեց բյուջեի 11.6  միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ:

Սեպտեմբերին տնտեսական աճը հասավ 7 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)` աճելով օգոստոսի 5.6 տոկոսից (տ/տ) (գծապատկեր 1): Երկնիշ աճը շարունակվեց շինարարության (14.7 տոկոս, տ/տ), առևտրի (13.4 տոկոս, տ/տ), և ծառայությունների` առանց առևտրի (11.6 տոկոս, տ/տ) ոլորտներում: Սեպտեմբերին արդյունաբերական աճի տեմպը կրկնապատկվեց`  հասնելով 4.6 տոկոսի (տ/տ)` օգոստոսի 2.1 տոկոսի (տ/տ) համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված էր թեթև արդյունաբերության (6.5 տոկոս, տ/տ), էլեկտրականության և էներգիայի (9.4 տոկոս, տ/տ) և ջրամատակարարման ու ջրահեռացման (7.1 տոկոս, տ/տ) ոլորտներում գրանցված աճով: Հանքարդյունաբերությունը կրճատվեց 5.6 տոկոսով (տ/տ), ինչպես օգոստոսին էր: Հանրագումարում` հունվարից մինչև սեպտեմբեր տնտեսական ակտիվության ինդեքսն աճեց 8.7 տոկոոսով (տ/տ):

Գործազրկության մակարդակն աճեց` 2023 թ. 2-րդ եռամսյակի 11.7 տոկոսից հասնելով 13.8 տոկոսի` 2024 թ. 2-րդ եռամսյակում, ինչը հիմնականում պայմանավորված էր տղամարդկանց շրջանում գործազրկության աճով: Ընդհանուր գործազրկության աճը մեծապես վերագրվում է փախստականների ներհոսքին, որոնք դեռևս պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում: Քաղաքային գործազրկության մակարդակի աճը գերազանցեց գյուղական գործազրկության մակարդակի աճը: Բացի այդ, 2022-ից 2023 թվականների ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչությունն ավելացավ 2.3 տոկոս:

Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները սեպտեմբերին կրճատվեցին  1 տոկոսով (տ/տ) և 1.1 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ): Սա տեղի է ունեցել օգոստոսի 18.6 տոկոս (տ/տ) կրճատումից և 10.7 տոկոս (ա/ա) ավելացումից հետո: Ռուսաստանից ներհոսքերը սեպտեմբերին կրճատվեցին 19 տոկոսով (տ/տ): Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերն ավելացան 7.7 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 2):

Հոկտեմբերին գնաճը մնաց կայուն` 0.6 տոկոս մակարդակում (տ/տ) (գծապատկեր 3): Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները (0.5 տոկոս, տ/տ) և հագուստեղենի ու կոշկեղենի գներն ընկան (3.4 տոկոս, տ/տ), իսկ տրանսպորտի գները բարձրացան 6.8 տոկոսով (տ/տ): Բնակարանների վարձակալության գների համաթիվը սեպտեմբերին աճեց 2.7 տոկոսով (տ/տ), սակայն ազդեցություն չունեցավ ընդհանուր գնաճի վրա: Կադաստրային տվյալները վկայում են, որ Երևանի կենտրոնում բնակարանների գները սեպտեմբերին բարձրացան 5.6 տոկոսով (տ/տ), իսկ վարձակալվող բնակարանների թիվն ավելացավ 60.3 տոկոսով  (տ/տ): Հնարավոր է, որ այս մեծ աճին նպաստել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի վերադարձի մասով նոր սահմանափակումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարին: 2024 հունվարից հոկտեմբեր ամիսներին միջին գնաճը պահպանվել է հաստատուն` 0 տոկոս:

Սեպտեմբերին արտահանման ծավալներն ավելացան 39 տոկոսով (տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ:  Առանց դրա` արտահանումը գրեթե չէր ավելանա (գծապատկեր 4). արտահանման այս կատեգորիայում աճի տեմպը մայիսից նվազել է` հաջորդելով տարվա առաջին չորս ամիսներին գրանցված լուրջ աճին: Սեպտեմբերին ներմուծման ծավալներն ավելացան ընդամենը 12 տոկոսով, քանի որ վերաարտահանան տեմպը նվազեց: 2024 թվականի առաջին ինն ամիսների հանրագումարով` արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն ավելացել է 54 տոկոսով, միաժամանակ առևտրի հաշվեկշռի պակասուրդը նվազել է 24 տոկոսով (տ/տ):

Հոկտեմբերին ՀՀ դրամն կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ`  միաժամանակ շարունակելով արժևորվել ռուբլու նկատմամբ (ա/ա): Մինչև հոկտեմբերի վերջ ՀՀ դրամը  3.8 տոկոսով ուժեղ է եղել ԱՄՆ դոլարի, և 8.9 տոկոսով` ռուբլու նկատմամբ (տ/տ): Միջազգային պահուստները համեստ աճ են գրանցել (24.8 միլիոն ԱՄՆ դոլար)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.5 ամսվա:

Սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը ավելացան, համապատասխանաբար, 0.9 տոկոսով (ա/ա) և 2.2 տոկոսով (ա/ա), ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերով: 2023 թվականի համեմատ փոխարժեքով ճշգրտված ավանդներն ավելացան 11.1 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացան 21.3 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 5): Արդյունքում` վարկ-ավանդ հարաբերակցությունն աճեց` 2023 թ. սեպտեմբերի 0.9 տոկոսից 2024 թ. սեպտեմբերին հասնելով 1 տոկոսի: Ֆինանսական ցուցանիշները մնացին կայուն, իսկ կապիտալի համարժեքության գործակիցը մի փոքր` 0.1 տոկոսային կետով աճեց սեպտեմբերին` հասնելով 20.4-ի: Չաշխատող վարկերի գործակիցը մնաց ցածր` 1.2 տոկոսի մակարդակում, իսկ ակտիվների եկամտաբերությունը մնաց կայուն` 4.5 տոկոսի մակարդակում:

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի  11.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ` հանրագումարային պակասուրդը հասցնելով տարեկան կանխատեսված ՀՆԱ-ի 0.7 տոկոսի: Անվանական արտահայտությամբ` հարկային եկամուտները, ներառյալ` հիփոթեքային վարկի մասով եկամտային հարկը, սեպտեմբերին ավելացան 12.1 տոկոսով (տ/տ): Սա հիմնականում պայմանավորված էր եկամտային հարկի (մինչև 11.5 տոկոս, տ/տ), բնապահպանական հարկի (մինչև 39.6 տոկոս, տ/տ) և շահութահարկի (մինչև 14.2 տոկոս, տ/տ) հավաքագրման աճով: Սեպտեմբերին ընդհանուր ծախսերն ավելացան 10.6 տոկոսով (տ/տ), ինչը հիմնականում պայմանավորված էր պաշտպանական ոլորտի ծախսերի ավելացմամբ (44 տոկոս, տ/տ աճ) և փախստականներին տրվող աջակցությամբ (55 տոկոս տ/տ աճ): Ավելին, կապիտալ ծախսերն ավելացան 7.4 տոկոսով (տ/տ)` հաջորդելով օգոստոսին գրանցված 0.5 տոկոս անկմանը (տ/տ): Սա հանգեցրեց բյուջեի 73 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի 2024 թ. հունվար-սեպտեմբերի ամիսներին` համեմատած 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված 74.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդին (գծապատկեր 6):

Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության տեմպը սեպտեմբերին ավելացավ 7 տոկոսով (տ/տ)

Գծապատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների նվազումը դանդաղեց մինչև մեկ տոկոս

Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը

Գծապատկեր 3. Հոկտեմբերին գնաճը մնաց 0.6 տոկոսի մակարդակում, ինչպես սեպտեմբերին էր

Գծապատկեր 4. Թանկարժեք քարերի արտահանումը շարունակեց թռիչքային աճել և պայմանավորել ողջ աճը` 2023 թ. սեպտեմբերի համեմատ

Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը

Գծապատկեր 5. Առևտրային բանկերում ավանդներն ու վարկերը շարունակեցին աճել երկնիշ ցուցանիշով

Գծապատկեր 6. 2024 թ. հունվարից սեպտեմբերը գրանցվեց բյուջեի 73 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ

Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը

16/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.10
+0.01
Եվրո (EUR)
409.45
-0.86
Ռուբլի (RUR)
3.88
+0.00
Լարի (GEL)
139.93
-0.12
34272.00
+137.00
Արծաթ
383.85
+3.28