ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏՆԵՐԸ» ԿՎԵՐԱՆԱՆ
Բրիտանական ծովային տարածքի մի շարք ֆինանսական կենտրոններ համաձայնել են բացահայտել իրենց տարածքում գործող բանկերի հաճախորդների «բանկային գաղտնիքները»: Ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության գաղտնի պահպանության պայմանների մեղմացման քաղաքականությանն են անցում, մասնավորապես, Վիրջինյան կղզիները, Բերմուդյան կղզիները և Կայմանյան կղզիները:
Սպասվում է, որ այս ֆինանսական կենտրոնները Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի համապատասխան մարմիններին կտրամադրեն իրենց տարածքում գործունեություն ծավալող բանկերում ներդված հաշիվների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն, որը ներառում է անձնական տվյալները (ծննդյան ամսաթիվ, բնակության հասցե), բանկային հաշվի պատմությունը և հաշվեկշիռը: