
2024 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 13.6%-ով
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականի նախնական տվյալների համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն կազմել է 91 891.8 միլիոն լարի, ինչը 13.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ 2024 թվականին ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 9.4%, իսկ ՀՆԱ-ի դեֆլյատորի փոփոխությունը՝ 3.8%։
Ըստ վիճակագրության՝ ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում ամենամեծ բաժինը զբաղեցնում է առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգումը, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործունեությունը:
Մեծ մասնաբաժին ունեն նաև մշակող արդյունաբերությունը, շինարարությունը, պետական կառավարումն ու պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը, տեղեկատվությունը և հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնաբուծությունը, տրանսպորտը, կրթությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը:
2024 թվականին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճին զգալի ներդրում են ունեցել տեղեկատվությունը և հեռահաղորդակցությունը, կրթությունը, պետական կառավարումը և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը, շինարարությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, մեքենաների և մոտոցիկլետների վերանորոգումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը: