
The Sunday Times. Մեծ Բրիտանիան կարագացնի Հնդկաստանի հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները
Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է արագացնել բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ՝ ԱՄՆ մաքսատուրքերի ներդրման ֆոնին։ Այս մասին հայտնում է The Sunday Times շաբաթաթերթը։
Նշվում է, որ ապրիլի 9-ին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը «տնտեսական և ֆինանսական երկխոսություն» կանցկացնի Հնդկաստանի հետ՝ ուժեղացնելու ջանքերը առևտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Լոնդոնը և Նյու Դելին աշխատում են ազատ առևտրի համաձայնագրի վրա 2022 թվականի հունվարից։
Փետրվարին կողմերը վերսկսել են բանակցությունները, որոնք դադարեցվել էին անցյալ տարվա ամռանը՝ Մեծ Բրիտանիայում նախընտրական քարոզարշավի պատճառով։ Բրիտանական կառավարության վիճակագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև առևտուրը ներկայումս կազմում է մոտ 41 միլիարդ ֆունտ ստեռլինգ (53 միլիարդ դոլար):
Ըստ The Sunday Times-ի՝ Մեծ Բրիտանիան նույնպես շահագրգռված է Ավստրալիայի հետ նոր գործարք կնքելու հարցում։ Թեև շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն ընտրում են պրոտեկցիոնիզմի ուղին, այնուամենայնիվ, բրիտանական իշխանությունները մտադիր չեն հրաժարվել ազատ առևտրի սկզբունքից։