
Դոնալդ Թրամփը հույս ունի Չինաստանի հետ փոխշահավետ առևտրային գործարք կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային գործարք կնքելու ցանկություն ունի, որն օգուտ կբերի երկու երկրներին։
«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի Չինաստանի հետ: Մենք կցանկանայինք գործարք կնքել… Կարծում եմ, որ մենք կգանք մի բանի, որը լավ կլինի երկու երկրների համար», – ասաց նա իր վարչակազմի անդամներին:
Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ անմիջապես 125 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։ CNBC-ն, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, այնուհետ հաղորդել է, որ չինական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը կազմում են 145%:
Թրամփը նաև ապրիլի 9-ին ասել է, որ Պեկինը ցանկանում է առևտրային գործարք կնքել Վաշինգտոնի հետ, բայց չգիտի, թե ինչպես դա անել։ Մեկնաբանելով այս հայտարարությունը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ը միայն մաքսատուրքեր է սահմանում չինական ապրանքների վրա, իսկ Պեկինը ոչ մի դեպքում չի ընդունում նման պահվածքը։ Նրա խոսքով, երկխոսություն սկսելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է հարգանք և հավասար վերաբերմունք ցուցաբերել մյուս կողմի նկատմամբ։