
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 550 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ազգային ժողովը քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը:
Նշենք, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց: Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով:
Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:
Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի հունիսի 11-ի նիստում: