
ԵՄ-ում ցանկանում են կտրուկ նվազեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը
ԵՄ-ի առաջատար երկրներն՝ այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան ձգտում են կտրուկ նվազեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը՝ 60 դոլարից մինչև 45 դոլար՝ մեկ բարելի դիմաց, սակայն առայժմ չի ստացել ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությունը։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ այս նախաձեռնությունը, որը ցանկանում են իրականացնել Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում և Հռոմում, կարող է ներառվել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 18-րդ փաթեթում։ FT-ի տվյալներով՝ սահմանաչափի նվազեցման կոչը ցանկանում էին ներառել նաև G7 երկրների ֆինանսների նախարարների վերջին հանդիպումից հետո ընդունվելիք համատեղ հայտարարության մեջ, սակայն այդ մտադրությունից հրաժարվեցին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խնդրանքով։
Հաշվի առնելով այն, որ մայիսին խոսվում էր սահմանաչափը մինչև 50 դոլար նվազեցնելու մասին՝ կարելի է նկատել, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը կոշտացել է։ Սա անդրադարձել է նաև եվրոպական քաղաքական գործիչների հռետորաբանության վրա։ Այսպես՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան և իր դաշնակիցները ցանկանում են բռնագրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները, եթե գտնվի դա «օրինական կերպով» իրականացնելու հնարավորություն։ Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նուել Բարրոն ընդգծել է, որ կիրառված սահմանափակումները բավարար չեն և կիսվել է Ռուսաստանի տնտեսությունը «մեկընդմիշտ շնչահեղձ անելու» ծրագրերով։