
Բրիտանական իշխանությունները պատրաստվում են արտակարգ միջոցներով պաշտպանվել Թրամփի մաքսատուրքերից բխող հետևանքներից
Բրիտանական իշխանությունները պատրաստվում են արտակարգ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսա տուրքերի հետևանքներից։ Դրանց արդյունքում թագավորությունում պողպատի գները նվազել են 10%-ով, իսկ շուկան ողողվել է արտասահմանյան արտադրանքով, որը չի մտնում ԱՄՆ։ Այս մասին գրում է The Times-ը։
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է պողպատի արտադրությունը ներառել թագավորության ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսների ցանկում։ Դա պետական մարմիններին թույլ կտա բոլոր ազգային նախագծերի համար գնումներ կատարել բացառապես տեղական արտադրողներից՝ շրջանցելով ավելի էժան արտասահմանյան մատակարարներին։
ԱՄՆ-ի կողմից ներմուծման մաքսատուրքերի սահմանումը գործնականում շղթայական ռեակցիա է առաջացրել պողպատի համաշխարհային շուկաներում, որի շրջանակում մատակարարները սկսել են նոր շուկաներ փնտրել։ Մասնավորապես, Հնդկաստանը ժամանակավորապես 12% մաքսատուրք է սահմանել՝ պաշտպանելու ներքին շուկան Չինաստանից և այլ երկրներից ներմուծվող արտադրանքից։
Ինչ վերաբերում է բրիտանական պողպատի արտադրությանը, ապա ընթացիկ տարում այն հայտնվել է վտանգի տակ այն բանից հետո, երբ չինական սեփականատիրոջը պատկանող British Steel ընկերությունը հայտարարել է երկու գործարան փակելու մտադրության մասին՝ մերժելով կառավարության առաջարկած աջակցության ծրագիրը։ Կառավարության արտակարգ նիստից և խորհրդարանում օրենքի արագ ընդունումից հետո, որը ստորագրել է թագավոր Չարլզ III-ը, բրիտանական իշխանությունները հանձնարարել են British Steel-ի ղեկավարությանը չդադարեցնել գործարանի աշխատանքը՝ պաշտպանական երաշխիքներ տալով չինացի սեփականատերերի հրահանգներին չհնազանդվող աշխատակիցներին։