
Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ հնարավոր ամենամեծ առևտրային գործարքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ «հավանաբար երբևէ ամենամեծ» առևտրային գործարքի կնքման մասին։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում իր էջում։
«Մենք կնքել ենք մի խոշոր գործարք Ճապոնիայի հետ, հնարավոր է՝ պատմության մեջ ամենամեծը։ Իմ հանձնարարությամբ Ճապոնիան ներդրելու է 550 միլիարդ դոլար ԱՄՆ-ում, որից ԱՄՆ-ն կստանա շահույթի 90%-ը», – գրել է Թրամփը։
Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ճապոնիա է արտահանելու ավտոմեքենաներ և գյուղմթերք։ Նա հավելել է, որ 15%-անոց մաքսատուրքը լինելու է փոխադարձ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ներմուծման մաքսատուրքեր սահմանել ավելի քան 150 երկրի արտադրանքի վրա՝ մաքսային արժեքի 10-15%-ի չափով։ Նրա խոսքով՝ այս քայլից հետո աշխարհում գրեթե չեն մնա երկրներ, որոնց արտադրանքը չի հարկվել ներմուծման մաքսերով։