
ՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։
Նորացվել է Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցի սալիկապատ ծածկը, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների կառամատույցները։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառային հարթակը՝ Արմավիրի մարզում։ Երևանի կայարանի շենքում կառուցվել է սանհանգույց հատուկ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։
Ինչպես նշեց ՀԿԵ ուղևորային տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը, վերանորոգման ենթակա օբյեկտները ընտրվել են՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների վիճակը, ինչպես նաև ուղևորների արձագանքները։ Ուղևորային ենթակառուցվածքի նորացման և կապիտալ վերանորոգման ծրագիրը կշարունակվի նաև 2026 թվականին, որի շրջանակում նախնական պլանավորված է աշխատանքներ իրականացնել հինգ կայարանում։
2025 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ գնացքներով՝ հանրապետական և միջպետական ուղևորափոխադրումների շրջանակում, օգտվել է 233,5 հազար ուղևոր։