
India TV. Հնդկաստանի տնտեսությունը ի վիճակի է դիմակայել Թրամփի ճնշմանը
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է կոշտ դիրքորոշում որդեգրել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնդկական ապրանքների վրա սահմանեց 25%-անոց մաքսատուրքեր։ Կառավարությունը կարծում է, որ երկրի տնտեսությունը լիովին ի վիճակի է դիմակայել այդ ճնշմանը։ Այս մասին հայտնել է India TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետական աղբյուրներ։
«Կառավարությունը կարծում է, որ հնդկական տնտեսությունն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել ԱՄՆ-ի մաքսային ճնշումներին։ Հնդկաստանի տնտեսության ծավալը կազմում է 4 տրիլիոն դոլար, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր գյուղատնտեսների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շահերը»։
Պետական աղբյուրներն ընդգծել են, որ Հնդկաստանը հաջողությամբ դիմակայել է տնտեսական պատժամիջոցներին 1998 թվականին անցկացված միջուկային փորձարկումներից հետո, երբ երկրի վարչապետն էր Աթալ Բիհարի Վաջփեյին (1924–2018)։ Այդ ժամանակվանից ի վեր հանրապետության տնտեսությունը միայն աճել է։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի նկատմամբ կսահմանի 25% մաքսատուրք, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Նա նշել էր, որ չնայած երկու երկրների բարեկամական հարաբերություններին՝ ԱՄՆ-ն «համեմատաբար քիչ» է առևտուր անում Հնդկաստանի հետ «շատ բարձր մաքսատուրքերի» և «խիստ ոչ-ֆինանսական արգելքների» պատճառով։ Թրամփը նշել էր նաև, որ Հնդկաստանը «միշտ մեծ մասամբ ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից» և հանդիսանում է «Ռուսաստանի էներգակիրների խոշորագույն գնորդներից մեկը՝ Չինաստանի հետ միասին»։ Այս առումով Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից Հնդկաստանը վճարելու է ոչ միայն 25% մաքսատուրք, այլև լրացուցիչ տույժ։
Հնդկաստանը և ԱՄՆ-ն ամբողջական առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել են փետրվարին՝ Հարավային Ասիայի հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի Վաշինգտոն կատարած այցից հետո։ Երկու պետությունները ձգտում են մինչև 2030 թվականը երկկողմ առևտրի ծավալը հասցնել մինչև 500 միլիարդ դոլարի։ Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը։ Հնդկական պատվիրակությունն արդեն մի քանի անգամ այցելել է Վաշինգտոն՝ բանակցելու այդ փաստաթղթի շուրջ։ Օգոստոսի 1-ի դրությամբ սպասվում էր միջանկյալ առևտրային համաձայնագիր, սակայն դրա վերաբերյալ դեռևս ոչինչ չի հայտարարվել։