
Հուլիսին Հնդկաստանի առևտրային դեֆիցիտը ռեկորդային աճ է գրանցել
Հուլիսին Հնդկաստանի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է վերջին ութ ամսվա ռեկորդային մակարդակին։ Ինչպես վկայում են երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալները, դեֆիցիտը կազմել է 27.35 միլիարդ դոլար՝ ներմուծման ծավալների արագ աճի պատճառով։
Արտերկրից ապրանքների մատակարարումները հունիսին աճել են մինչև 64.59 միլիարդ դոլար (+8.61%), մինչդեռ արտահանումը կազմել է միայն 37.24 միլիարդ դոլար (+7%)։ Միևնույն ժամանակ ծառայությունների արտահանումը ավելացել է 1.4%-ով՝ հասնելով 31 միլիարդի, իսկ դրանց ներմուծումը նվազել է 3.4%-ով՝ հասնելով 15.4 միլիարդ դոլարի։
Հնդկաստանի առևտրի նախարարությունում ներմուծման աճը բացատրում են նավթի և նավթամթերքների մատակարարումների աճով (+7.4%), որոնք հասել են 15.5 միլիարդ դոլարի։ Ոսկու ներմուծումը կազմել է 3.97 միլիարդ դոլար (+13,8%), էլեկտրոնիկայինը՝ .8 միլիարդ դոլար (+12.8%)։ Ամենամեծ աճը գրանցվել է պարարտանյութերի ներմուծման մեջ: Ծավալը հասել է 1.6 միլիարդի, ինչը տարեկան կտրվածքով ավելացել է 133%-ով։
Ռուսաստանի նավթի գնումների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնդկական ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրք սահմանելու ֆոնին՝ Չինաստանը և Հնդկաստանը հայտարարել են հնգամյա դադարից հետո տեղական արտադրանքի սահմանային առևտուրը վերականգնելու պատրաստակամության մասին։
Երկու կողմերն ավելի քան երեք տասնամյակ միմյանց հետ առևտուր էին իրականացնում համեմունքներով, գորգերով, կահույքով, անասնակերով, կերամիկայով, բուժիչ բույսերով, էլեկտրասարքավորումներով և բրդով՝ Հիմալայներում մոտ 3.5 հազար կմ ձգվող սահմանին գործող հատուկ անցակետերի միջոցով։