
ԵՄ-ն պարտավորվել է մինչև 2028-ն ԱՄՆ-ից գնել 750 մլրդ դոլարի էներգակիր
ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հռչակագրում՝ առևտրի շրջանակային համաձայնագրով հաստատվել են ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հուլիսի 27-ի պայմանավորվածությունները՝ ԵՄ կողմից ամերիկյան էներգակիրների 750 մլրդ դոլարի չափով գնման մասին։ Հռչակագիրը հրապարակվել է օգոստոսի 21-ին։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն պարտավորվում են համագործակցել՝ ապահովելու համար էներգակիրների անվտանգ, հուսալի և բազմազան մատակարարումն, այդ թվում՝ վերացնելով ոչ սակագնային խոչընդոտները, որոնք կարող են սահմանափակել երկկողմ առևտրային հոսքերը: Այս ջանքերի շրջանակում ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ, նավթ և ատոմային էներգետիկայի արտադրանք գնել, որոնց գնման կանխատեսվող ծավալը մինչև 2028 թվականը գնահատվում է 750 մլրդ դոլար», – նշվում է հռչակագրում։
Ավելի վաղ ԵՀ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ քննարկված 750 մլրդ դոլարի գումարը ներառելու է նաև միջուկային էներգետիկայի համար ռեակտորների գնում և ներդրումներ այդ ոլորտում, իսկ գնվող էներգակիրների ծավալը կհամապատասխանի ԵՄ կարիքներին։