
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Օգոստոսի 4-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը: Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով:
Առևտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից:
Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:
Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության վերահսկողության ներքո: