
ԱՄՆ բիզնես սեկտորը դիմել է Թրամփին՝ չեղարկելու Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ
Ամերիկյան բիզնես սեկտորը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման խնդրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Ռոբերտ Էյջին։
Նրա խոսքով՝ առավել հետաքրքրված են նոր ներդրումների արգելքի վերացմամբ, մի շարք բանկերի հետ համագործակցության սահմանափակումների չեղարկմամբ «վճարումների կազմակերպման և թռիչքների անվտանգության համար», ինչպես նաև թույլտվությամբ գնել որոշ ապրանքներ էներգետիկայի, ավիացիայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև շքեղ իրեր և կոսմետիկա։
«Մենք պատրաստել ենք վերլուծական փաստաթուղթ՝ White Paper անվանումով, որտեղ թվարկված են բոլոր այն պատժամիջոցները, որոնք վնասում են Ռուսաստանում գործունեությունը շարունակող ամերիկյան ընկերություններին կամ այն ընկերություններին, որոնք ստիպված էին հեռանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով», – պարզաբանել է Էյջին։
Առևտրի պալատի ներկայացուցիչը խոստովանել է, որ պատժամիջոցները հիմնականում վնասում են Ռուսաստանում շարունակվող օտարերկրյա բիզնեսին, մինչդեռ ՌԴ տնտեսությունը հարմարվել է սահմանափակումներին։ Մի շարք ամերիկյան ընկերություններ չեն կարող աշխատել Ռուսաստանի տարածքում ուղղակի սահմանափակումների պատճառով, սակայն կցանկանային վերադառնալ։ Ըստ Էյջիի՝ բիզնեսի ուղիղ կորուստները Ռուսաստանի շուկայից հեռանալու հետևանքով կազմել են մոտ 100 միլիարդ դոլար, սակայն եթե հաշվի առնենք շուկայի մասնաբաժնի կորուստը, բաց թողնված շահույթը և այլ գործոններ, թիվը մոտավորապես 300 միլիարդ է: