
Վրացի ֆերմերները ավելի քան մեկ միլիոն լարի են վաստակել ոչ ստանդարտ խնձորների վաճառքից
Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ երկրի ֆերմերները ոչ ստանդարտ խնձորների իրացումից ստացել են ավելի քան մեկ միլիոն լարի (շուրջ 370 հազար ԱՄՆ դոլար) եկամուտ։
Այժմ ողջ երկրում 13 ընկերություն զբաղվում է ոչ ստանդարտ խնձորների հավաքմամբ՝ գնելով կիլոգրամն առնվազն 27 թեթրիով (մոտ 0.1 ԱՄՆ դոլար), որից 10 թեթրին կազմում է պետական սուբսիդիան։ Բերքահավաքը մեկնարկել է ընթացիկ տարվա սեպտեմբերին և կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։ Այս պահին վերամշակվել է մոտ 4 հազար տոննա խնձոր։
Ոչ ստանդարտ խնձորների իրացման խթանման ծրագիրը նպատակ ունի ֆերմերներին հնարավորություն տալ իրացնել այն արտադրանքը, որը չի համապատասխանում որակի ստանդարտներին, բայց կարող է վաճառվել ընդունելի գնով։ Վերամշակման արդյունքում ստացվող խտանյութը հիմնականում արտահանվում է Եվրոպական միության շուկաներ։