Մեծ Բրիտանիայում ալկոհոլի սպառումը նվազել է մինչև պատմական նվազագույնը
Մեծ Բրիտանիայում մեծահասակների կողմից ալկոհոլի միջին սպառումը 2024 թվականին կազմել է շաբաթական 10.2 ստանդարտ միավոր, ինչը դարձել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշը։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով IWSR հետազոտական ընկերության տվյալներին։
IWSR-ը նման դիտարկումներ իրականացնում է 1990 թվականից։ Սպառման գագաթնակետը՝ շաբաթական 14 միավոր ալկոհոլ, գրանցվել էր մոտ երկու տասնամյակ առաջ։
Drinkaware ոչ առևտրային կազմակերպության մեթոդաբանությամբ` ալկոհոլի մեկ ստանդարտ միավորը հավասար է 10 մլ մաքուր սպիրտի։ Նման չափաբաժինը պարունակվում է 25 մլ ծավալով մեկ շոթ թունդ ալկոհոլում, իսկ երկու միավոր՝ մեկ պինտ գարեջրի կամ մեկ բաժակ գինու մեջ։
Ալկոհոլի սպառման նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների գների աճով, առողջ ապրելակերպի տարածմամբ և բնակչության ծերացմամբ։ Հետազոտողները նաև նշում են միտում, ըստ որի՝ սպառման ծավալների նվազման պայմաններում մարդիկ նախընտրում են ավելի թանկ ալկոհոլ։
Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայության գնահատմամբ՝ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը տղամարդկանց համար համապատասխանում է մեկ երեկոյի ընթացքում ութ ստանդարտ միավորի, իսկ կանանց համար՝ վեց միավորի։
Drinkaware-ի անցկացրած հարցման համաձայն՝ բրիտանացիների 57%-ը մտադիր է առաջիկա Սուրբ Ծննդյան տոներին օգտագործել այս սահմանաչափից ավելի ալկոհոլ։ 18–34 տարեկանների տարիքային խմբում այդ ցուցանիշը բարձրանում է մոտավորապես մինչև 75%։
