ՕՊԵԿ+-ը կպահպանի դեկտեմբերյան նավթի արդյունահանման քվոտաները 2026-ի փետրվար և մարտ ամիսներին
ՕՊԵԿ+-ի այն ութ երկրների նախարարները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կամավոր սահմանափակումներին, ամսական հանդիպման արդյունքներով որոշում են կայացրել առաջին եռամսյակում պահպանել արդյունահանման նախասահմանված չափը:
«Ութ մասնակից երկրները հաստատել են իրենց որոշումը՝ 2026 թվականի փետրվարին և մարտին դադարեցնել արտադրության ծավալների փուլային ավելացումը՝ սեզոնային գործոնի պատճառով», – նշվում է հաղորդագրությունում։
Այսպիսով, դաշինքի երկրների նավթի արդյունահանման մակարդակները առաջին եռամսյակում կհամապատասխանեն դեկտեմբերին գործող քվոտաներին։
Միևնույն ժամանակ մի շարք երկրների համար շարունակում են գործել փոխհատուցման ժամանակացույցերը։ Մասնավորապես, Ղազախստանը հունվարից անցնում է նախորդ ժամանակահատվածներում թույլատրված գերարդյունահանման «պարտքի» ակտիվ մարումների փուլ, ինչի հետևանքով ՕՊԵԿ+-ի ողջ արտադրական պլանը պետք է անցնի հետևողական կրճատման։
Եթե դեկտեմբերին դաշինքի ընդհանուր քվոտան (փոխհատուցումները հաշվի առնելով) կազմում էր օրական 38.216 մլն բարել, ապա հունվարին այն նվազել է մինչև 38.088 մլն բարել, փետրվարին կիջնի մինչև 37.826 մլն բարել, իսկ մարտին՝ մինչև 37.768 մլն բարել։
ՕՊԵԿ+-ի ութ երկրները՝ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը, ունեցել են սահմանափակումների երկու փաթեթ՝ օրական 2.2 մլն և 1.65 մլն բարել ծավալներով։ Վերջին սահմանափակման փաթեթը սկզբնապես նախատեսված էր գործել մինչև 2026 թվականի վերջը, սակայն սեպտեմբերին, այն բանից հետո, երբ շուկա արագացված կերպով վերադարձվեցին օրական 2.2 մլն բարելի սահմանափակումները, «կամավորները» սկսեցին արագացված կերպով վերականգնել նաև օրական 1.65 մլն բարելի սահմանափակումները՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին օրական 137 հազար բարելով։ Դրանից հետո նրանք որոշեցին առաջին եռամսյակում դադար վերցնել արդյունահանման ավելացման հարցում։
Ավելի վաղ ՕՊԵԿ-ը ընդգծել էր, որ «ութնյակի» նախարարները մտադիր են գործել ճկուն կերպով և շուկայի իրավիճակից կախված պատրաստ են «մասնակի կամ ամբողջությամբ» վերականգնել արդյունահանման սահմանափակումները՝ ինչպես օրական 1.65 մլն բարելի, այնպես էլ արդեն ամբողջությամբ շուկա վերադարձված օրական 2.2 մլն բարելի ծավալով։
