Ոսկին առաջին անգամ գերազանցել է ունցիայի դիմաց 5000 դոլարը, արծաթը նույնպես թարմացրել է ռեկորդը
Երկուշաբթի օրը ոսկու սփոթ գիննառաջին անգամ գերազանցել է ունցիայի դիմաց 5000 դոլարի շեմը։
Ոսկու գինն աճել է 1.8%-ով՝ հասնելով 5078.54 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց, իսկ առևտրային սեսիայի ընթացքում հասել է մինչև 5093.05 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց։
Արծաթի սփոթ գինը նույնպես թարմացրել է իր ռեկորդը։ Այն աճել է 4.3%-ով և կազմել մոտ 107.64 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց՝ հետ ընկնելով ներսեսիոն և պատմական առավելագույն մակարդակից՝ շուրջ 109.46 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց։
Թանկարժեք մետաղների գներին, որպես պաշտպանական ակտիվների, աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ կառավարության գործունեության հերթական հնարավոր դադարեցման վերաբերյալ մտահոգությունները։
Այն բանից հետո, երբ դաշնային գործակալները Մինեապոլիսում գնդակահարել են մեկ անձի, Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն քվեարկի դաշնային ֆինանսավորման փաթեթի օգտին առանց ներքին անվտանգության դրույթների լուրջ վերանայման։
Սա մեծացնում է ռիսկը, որ Կոնգրեսը չի հասցնի հաստատել փաթեթը մինչև դաշնային գերատեսչությունների զգալի մասի ֆինանսավորման ժամկետի ավարտը՝ հունվարի 31-ը, ինչի հետևանքով կարող է տեղի ունենալ մասնակի «շաթդաուն»։
Բացի այդ, ներդրողները մտահոգված են այն հնարավորությամբ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է սահմանել 100%-անոց մաքսատուրքեր կանադական ներմուծման վրա՝ եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։
«Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, մենք անմիջապես կսահմանենք 100% մաքսատուրքեր բոլոր կանադական ապրանքների վրա», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի կարծիքով՝ եթե չինական բիզնեսին թույլ տրվի մուտք գործել կանադական շուկա, այն դուրս կմղի տեղական ընկերություններին։
Այս ֆոնին DXY ինդեքսը, որն արտացոլում է ԱՄՆ դոլարի արժեքը աշխարհի վեց հիմնական արժույթների նկատմամբ, նվազում է 0.5%-ով, ինչը նույնպես դրական ազդեցություն է ունենում ԱՄՆ դոլարով գնանշվող թանկարժեք մետաղների գների վրա։
Տարվա սկզբից ոսկին թանկացել է 15.5%-ով, իսկ արծաթը՝ 44%-ով։
