
Յուրաքանչյուր ամերիկացի «ունի» 54 հազար դոլարի պետական պարտք
ԱՄՆ-ի պետական պարտքը հատել է «հոգեբանական» սահմանը և գերազանցել 17 տրիլիոն ԱՄՆ դոլարը: Այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրի բյուջեի նախագիծը, որի շնորհիվ բարձրացվել է երկրի պետական պարտքի վերին սահմանը:
Կողմերը փոխհամաձայնության էին եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել է վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:
Հատկանշական է, որ եթե կողմերին չհաջողվեր գալ համաձայնության, ապա ԱՄՆ-ն արդեն պաշտոնապես հայտարարած կլիներ դոֆոլտի մասին:
Նշենք, որ 1960 թվականից ի վեր դեֆոլտից խուսափելու համար ԱՄՆ-ում պարտքի վերին սահմանը բարձրացվել է արդեն 79 անգամ: Հաջորդ հավանական դեֆելտը սպասվում է 2014 թվականի հունվարի 15-ին:
Այսօր ԱՄՆ-ում բնակչության մեկ շնչի հաշվով պետական պարտքը կազմում է 54 հազար ԱՄՆ դոլար: