ՕՊԵԿ+-ի կոմիտեն արձանագրել է համաձայնագրի ընդհանուր կատարումը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին
ՕՊԵԿ+-ի մոնիթորինգային կոմիտեի նախարարները դիտարկել են նավթի արդյունահանման վերաբերյալ նոյեմբերի և դեկտեմբերի տվյալները՝ արձանագրելով դաշինքի երկրների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների ընդհանուր կատարումը: Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծել են արդյունահանման քվոտաների լիարժեք կատարման, ինչպես նաև փոխհատուցումների մարման կարևորությունը։ Խախտումներ թույլ տված երկրների կողմից ներկայացված թարմացված գրաֆիկները քննարկվել են կայացած հանդիպման ընթացքում։
Մոնիթորինգային կոմիտեն նշել է, որ կշարունակի հետևել ինչպես ՕՊԵԿ+-ի բոլոր երկրների, այնպես էլ ութ կամավոր երկրների կողմից արդյունահանման ճշգրտումներին՝ իր համար պահպանելով լրացուցիչ նիստեր գումարելու կամ ՕՊԵԿ+ երկրների նախարարական հանդիպում հրավիրելու իրավունքը։
Մոնիթորինգային կոմիտեի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 5-ին։
Ինչպես հաղորդվել է, ՕՊԵԿ-ի տվյալներով՝ ՕՊԵԿ+ երկրները նոյեմբերին նավթ են արդյունահանել օրական 37.625 մլն բարել ցուցանիշով, ինչը 505 հազար բարելով պակաս է սահմանված ծրագրից։ Դեկտեմբերին արդյունահանումը կազմել է օրական 37.44 մլն բարել, ինչը սահմանված մակարդակից ցածր է եղել 780 հազար բարելով։
