ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են ուրբաթ օրը Օմանում նախատեսվող բանակցությունների պայմանները
ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցություններից հետո համաձայնության են եկել ուրբաթ օրը Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը։
«Խորհրդակցությունների արդյունքներով որոշվել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանցկացվեն Օմանում։ Ձեռք բերված համաձայնության հիման վրա բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը», – գրում է գործակալությունը, որի տեղեկություններով՝ «բանակցությունների ձևաչափը կմնա նույնը, ինչ նախորդ փուլերում»։
Իրանական պատվիրակությունը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նրան կուղեկցեն բարձրաստիճան դիվանագետներ։ ԱՄՆ-ի կողմից կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Բացի այդ, իրանական կողմը չի բացառում, որ պատվիրակության կազմում կարող է ընդգրկվել նաև ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հայտարարել է, որ սկզբնապես ԱՄՆ-ն համարում էր, թե Իրանի հետ բանակցությունները համաձայնեցված են Թուրքիայում՝ մի շարք գործընկերների մասնակցությամբ, սակայն այնուհետև տեղեկություններ են ստացվել իրանական կողմի անհամաձայնության մասին։ Նրա խոսքով՝ հարցը դեռևս մշակման փուլում է։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Ուիթքոֆը պատրաստ է վարել բանակցությունները, եթե հանդիպումն, այնուամենայնիվ, կայանա։
Ռուբիոն հիշեցրել է, որ բանակցությունների հիմնական թեմաներից պետք է լինեն, մասնավորապես, «բալիստիկ հրթիռների թռիչքի հեռահարությունը, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին Իրանի աջակցությունը, միջուկային ծրագիրը, ինչպես նաև իրանական իշխանությունների վերաբերմունքը սեփական բնակչության նկատմամբ»։
Անցյալ տարի Ուիթքոֆը և Արաղչին Օմանի մայրաքաղաքում անցկացրել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ մի քանի փուլ անուղղակի բանակցություններ, սակայն դրանք ընդհատվեցին հունիսին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունից հետո։
