Բարեխիղճ տնտեսվարողների համար կգործեն պարզեցված մաքսային ընթացակարգեր
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում այն կներկայացնի կառավարության քննարկմանը:
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ըստ նախագծի՝ այն տնտեսվարողները, ովքեր երեք տարի առանց մաքսային վճարների գծով խախտումներ թույլ տալու արտաքին տնտեսական գործունեություն են իրականցրել, բարեխղճորեն կատարել են պարտավորությունները, մաքսային մարմնից կստանան հավաստագիր և կճանաչվեն լիազորված տնտեսական օպերատոր:
Նոր կարգավիճակը հնարավորություն կընձեռի աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում:
Միաժամանակ, լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նաև նախքան մաքսային վճարների կատարումը: Նրանք իրենց ցանկությամբ կազատվեն նաև նախնական տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ միջազգային պրակտիկան հնարավորություն է ընձեռում ապրանքները տեղափոխել մաքսային սահմանով` նախքան մաքսային հայտարարագրի ներկայացումը: