Շրի Լանկայում կկրճատեն աշխատանքային շաբաթը՝ էներգառեսուրսների խնայողության համար
Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ներդնում են քառօրյա աշխատանքային շաբաթ՝ էներգառեսուրսները խնայելու նպատակով՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Չորեքշաբթին այսուհետ կլինի լրացուցիչ ոչ աշխատանքային օր դպրոցների, համալսարանների և մի շարք այլ պետական հաստատությունների համար։ Միևնույն ժամանակ, առողջապահական հաստատությունները, մաքսային ծառայությունները և նավահանգիստները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Բացի այդ, իշխանությունները կոչ են անում պետական ծառայողներին հնարավորության դեպքում զերծ մնալ աշխատանքի գնալուց՝ նախապատվությունը տալով հեռավար ձևաչափին՝ վառելիքի խնայողության նպատակով։
Նախօրեին Շրի Լանկայի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել վառելիքի ձեռքբերման վրա․ ավտոմեքենաների համար՝ ոչ ավելի, քան շաբաթական 15 լիտր, իսկ հասարակական տրանսպորտի վարորդների համար՝ մինչև 200 լիտր։
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Շրի Լանկան մեծապես կախված է Մերձավոր Արևելքից ներմուծվող նավթից։
Անցած շաբաթ Շրի Լանկայի ԱԳՆ-ում հայտնել էին, որ քննարկումներ են վարում Մոսկվայի հետ՝ ռուսական նավթի ներմուծման հնարավորության շուրջ։
Իսրայելի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հորմուզի նեղուցը փաստացի փակվել է։ Իրանը նախազգուշացրել էր, որ նեղուցով անցնող ցանկացած նավ կհայտնվի հարձակումների թիրախում։
