Վրաստանում պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականը
Վրաստանում պլաստիկ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը հետաձգվել է ևս չորս տարով՝ մինչև 2031 թվականը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Բիզնեսի ներկայացուցիչների հետ ակտիվ շփումներից հետո մենք որոշում ենք ընդունել 4 տարով հետաձգել պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղաբաշխման վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտի ուժի մեջ մտնելը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի հաստատություններին արգելվելու է այցելուներին մատուցել պլաստիկ շշերով ըմպելիքներ։ Իսկ 2027 թվականի փետրվարի 1-ից պետք է արգելվեին պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրությունը (բացառությամբ արտահանման), ներմուծումը և վաճառքը։
