Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար․ ՊԵԿ նախագահի հանդիպումը փոքր հարկ վճարողների հետ
Հարկ վճարողի օրվան ընդառաջ՝ շարունակելով հարկ վճարողների հետ հանդիպումները՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր զրուցել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու դրա նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցման ամրապնդումը՝ ընդգծելով հարկ վճարողների հետ ուղիղ շփումների նշանակությունը։ «ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը մեզ համար պարզապես ձևակերպումներ չեն․ դրանք մեր ամենօրյա աշխատանքի հիմքն են։ Մեր բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդն է, և հենց այդ պատճառով մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի բիզնեսին ավելի մոտ և գործընկերային կառույց դառնալու ուղղությամբ»։
Հանդիպման ընթացքում տնտեսավարողներին ներկայացվել են նաև վերջին տարիների հարկային և մաքսային բարեփոխումները, առաջիկա ծրագրերը՝ օրենսդրական փոփոխություններից և թվայնացումից մինչև արհեստական բանականության կիրառումն ու օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող նոր հնարավորությունները։ «Այս ամենի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել ավելի հարմար, կանխատեսելի և վստահելի միջավայր բիզնեսի համար»,-ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առանցքային է բաց ու անկեղծ հաղորդակցությունը հարկ վճարողների հետ․ «Երբ կա փոխվստահություն, պետությունն ու բիզնեսը դառնում են գործընկերներ։ Այդ ճանապարհին արդեն ունենք շոշափելի արդյունքներ՝ ներառյալ ստվերի էական նվազումը, որը ոչ միայն վարչարարության, այլև մտածելակերպի փոփոխության արդյունք է»։
Հանդիպումն անցել է ջերմ ու բաց մթնոլորտում։ Բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ներկայացրել են առաջարկներ։ Կարևորվել է կառուցողական երկխոսության նման ձևաչափի դերը գործընկերային միջավայրի շարունակական ձևավորման, ինչպես նաև խնդիրների և գործնական լուծումների արագ արձագանքման գործում։
