Մարդանման ռոբոտները մինչև 2030-ը Չինաստանի բաժինը համաշխարհային արտադրությունում կհասցնեն 16.5%-ի
Չինաստանի վաղաժամ առաջնորդությունն ու ներդրումները մարդանման ռոբոտների մշակման ոլորտում կաջակցեն համաշխարհային ասպարեզում նրա արտադրական և արտահանման գերակայության հաջորդ փուլին: Այս մասին նշվում է Morgan Stanley-ի նոր ուսումնասիրությունում։
Ներդրումային բանկի ասիական թիմը՝ Չետան Ահյայի գլխավորությամբ, կանխատեսում է, որ ՉԺՀ-ի բաժինը համաշխարհային վերամշակող արդյունաբերությունում մինչև 2030 թվականը կաճի՝ ներկայիս 15%-ից հասնելով 16.5%-ի։
«Չինաստանն արդեն ունի խոստումնալից աճի ուղղությունները վաղ հայտնաբերելու և ապագայի համար պլանավորելու փորձ: Ռոբոտատեխնիկայի ոլորտը զարգանում է նմանատիպ ճանապարհով», – գրում է Ահյան՝ օրինակ բերելով չինական էլեկտրամոբիլների և մարտկոցների արտադրողներին։
Վերջին տարիներին ռոբոտատեխնիկան դուրս է եկել լաբորատորիաներից դեպի իրական աշխարհ, և ՉԺՀ-ն ձևավորում է մարդանման ռոբոտների մատակարարման շղթա՝ ինչպես նախկինում արել էր էլեկտրամոբիլների դեպքում, նշում է Bloomberg-ը։
Մարդանման ռոբոտներն արդեն ներդրվում են չինական տեխնոպարկերում, գործարաններում և համալսարաններում։ Morgan Stanley-ն նաև մատնանշում է պետական գնումների ակտիվացումը, ինչը ստեղծում է ավելի լայն կիրառման հնարավորություններ։
Չինական լրատվամիջոցները գրեթե ամեն շաբաթ հաղորդում են նման ռոբոտների մշակման նոր ձեռքբերումների մասին։ Վերջերս ռոբոտատեխնիկայի ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ աճել են այն լուրերի ֆոնին, որ դրանցից մեկը մոտ 7 րոպեով գերազանցել է կիսամարաթոնի մարդկային ռեկորդը՝ հաղթահարելով այն 50 րոպե 26 վայրկյանում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

