Իրանը կարող է մի քանի ամիս դիմանալ ԱՄՆ-ի շրջափակմանը
ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ռազմական շրջափակումը վերջնական արդյունքում Թեհրանին կզրկի նավթից ստացվող կենսական նշանակության եկամուտներից, սակայն, ինչպես հայտնում է NBC News-ը՝ հղում անելով էներգետիկ ոլորտի վերլուծաբաններին և հետախուզական գնահատականներին ծանոթ արևմտյան պաշտոնյաներին, իրանական ռեժիմը, հավանաբար, կկարողանա դիմանալ ճնշմանը մի քանի ամիս՝ առանց խոշոր տնտեսական ճգնաժամի կամ իր նավթահանքերին երկարաժամկետ վնաս հասցնելու։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ շրջափակման սահմանումից մոտ մեկ ամիս անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ենթադրել էին, թե դա կհանգեցնի Իրանի նավթային ոլորտում անմիջական ճգնաժամի։
Անցյալ ամիս Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է «պայթել» երեք օրվա ընթացքում, քանի որ շրջափակումը նշանակում է, որ Թեհրանը չի կարողանա նավթ արտահանել։
«Եթե նրանք չսկսեն նավթ մատակարարել, նրանց ամբողջ նավթային ենթակառուցվածքը կպայթի», – ասել էր Թրամփը լրագրողներին։
Այս սցենարը չի իրականացել, սակայն ռազմածովային շրջափակումը տասնյակ իրանական նավթատարների խոչընդոտել է ժանցնել Հորմուզի նեղուցով, նշում են NBC News-ի աղբյուրները։
Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ շրջափակման նպատակը Իրանի նավթի արտահանումը փակելն է, որը երկրի համար կենսական եկամտի աղբյուր է, ինչպես նաև ստիպել Թեհրանին կրկին բացել Հորմուզի նեղուցը և բանակցությունների սեղանի շուրջ ընդունել ԱՄՆ պահանջները։
Փորձագետների կարծիքով՝ շրջափակման պատճառով Իրանը աստիճանաբար սկսել է նվազեցնել նավթի արդյունահանումը, և ինչ-որ պահի առաջիկա երկու ամիսների ընթացքում նրա նավթի պահեստային տարողությունները կարող են լցվել, ինչի հետևանքով նա նույնիսկ ստիպված կլինի փակել որոշ հորատանցքեր։
Սակայն վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Թեհրանը, հավանաբար, կկարողանա խուսափել հորատանցքերի փակվելուց, քանի որ իր նավթի զգալի մասը կարող է սպառվել երկրի ներսում, ինչը թույլ կտա նավթահանքերի մեծ մասի աշխատանքը շարունակել։
«Նրանք ստիպված կլինեն կանգնեցնել իրենց արդյունահանման մոտ կեսը։ Բայց կշարունակեն արդյունահանումը, քանի որ կարող են նավթը վերամշակել երկրի ներսում», – ասել է Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի գիտաշխատող և Qamar Energy խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ռոբին Միլսը։
Իրանը նավթի արդյունահանումը նվազեցնելու փորձ ունի, հայտարարել է Eurasia Group վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Գրեգորի Բրյուն։ Վերջին 15 տարիների ընթացքում Իրանը երկու անգամ ստիպված է եղել նվազեցնել նավթի արդյունահանումը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:
«Չեմ կարծում, որ դա հսկայական վնաս կհասցնի նրանց ենթակառուցվածքին: Նրանք գիտեն՝ ինչպես դա անել։ Նրանք դա արել են նախկինում», – ասել է Բրյուն։
Նրա խոսքով՝ Իրանը հարմարվել է շրջափակմանը՝ կրճատելով նավթի արդյունահանումը և նավթատարների վրա բեռնվող նավթի ծավալը՝ շաբաթական մոտ 11 մլն բարելից հասցնելով մոտ 6-8 մլն բարելի։
