
Իտալական «Տոտո գրուպ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո գրուպ» ընկերության ներկայացուցիչներին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, ավիացիոն և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Տիգրան Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության նախաձեռնությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ աշխատել իտալացի գործընկերների հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները: