
Հայաստանի ներդրումային միջավայրը թուլացել է
Հայաստանյան ընկերությունների ներդրումային ակտիվությունը նվազել է: Կենտրոնական բանկի կողմից հայաստանյան ընկերությունների շրջանում ներդրումների վերաբերյալ իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ այս տարվա երրորդ եռամսյակում ներդրումներ են իրականացրել հարցված ընկերությունների 21%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 5 տոկոսային կետով:
Ըստ ներկայացված տվյալների՝ ներդրումներ իրականացրած ընկերությունների տեսակարար կշիռը ընդհանուր հարցված ընկերությունների մեջ նվազել է տնտեսության բոլոր ոլորտներում:
Նշենք նաև, որ հարցված ընկերությունների համար հաշվետու եռամսյակում որպես ներդրումների ֆինանսավորման կարևոր աղբյուր ծառայել են տեղական բանկերի կողմից տրամադրված վարկային միջոցները: