Եվրոպան պարենային ճգնաժամից ավելի ուժեղ կտուժի, քան «Մեծ յոթնյակի» մյուս երկրները
Էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված գլոբալ պարենային ճգնաժամը եվրագոտում գների ավելի զգալի աճի կհանգեցնի, քան «Մեծ յոթնյակի» մյուս տնտեսություններում, կարծում են Oxford Economics-ում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Կլիմայական իրադարձություններով պայմանավորված պարենային գների զգալի աճը կարող է եվրագոտու երկրներում սննդամթերքի գները բարձրացնել տարեկան 1,6%-ով։ Տնտեսագետներ Ռոբերտ Մարքսի և Ռոնան Հեգարթիի գնահատմամբ՝ դա ընդհանուր գնաճը կավելացնի 0,6%-ով, ասվում է հետազոտության մեջ։
Գլոբալ տաքացման շարունակման պայմաններում բնական աղետներն ու շոգի ալիքները կարող են ավելի հաճախ հանգեցնել բերքի ձախողումների, վնասել ենթակառուցվածքները և խաթարել մատակարարման շղթաները։ Անցած շաբաթ Եվրոպան հայտնվել էր շոգի ալիքի ազդեցության տակ։ Սննդամթերքի թանկացումը կուժեղացնի կենտրոնական բանկերի վրա ճնշումը գնաճի դեմ պայքարում։
«Կլիմայի փոփոխությունը և բնական ռեսուրսների կորուստը գնալով ավելի մեծ դեր են խաղում պարենային գնաճի և գների տատանողականության մեջ՝ երկարաժամկետ ռիսկ ստեղծելով տնտեսությունների համար, — նշում են հեղինակները։ — Վերջին հետազոտությունները 2022 թվականից ի վեր արձանագրել են տեղական կամ տարածաշրջանային գների առնվազն 14 կտրուկ աճ, որոնք կապված են աննախադեպ էքստրեմալ եղանակային երևույթների հետ»։
Բրազիլիայում երաշտը 2023–2024 թվականներին հանգեցրել է սուրճի համաշխարհային գների 55% աճի, իսկ Գանայում և Կոտ դ’Իվուարում շոգի ալիքները կակաոյի գների 280% թռիչք են առաջացրել, նշվում է զեկույցում։
Եվրոպան համաշխարհային շուկաների նկատմամբ ավելի զգայուն է, քան G7-ի մյուս տնտեսությունները։ Գնային շոկը կարող է Մեծ Բրիտանիայում սննդամթերքի արժեքը բարձրացնել 1%-ով, մինչդեռ ԱՄՆ-ում՝ ընդամենը 0,28%-ով, իսկ Ճապոնիայում՝ 0,35%-ով։
Հետազոտության համաձայն՝ համաշխարհային հումքային գների՝ նախաճգնաժամային միտումներին վերադառնալու համար միջինում պահանջվում է 2,5 տարի։ Զեկույցը հրապարակվել է այն պահին, երբ կենտրոնական բանկերը ուսումնասիրում են կլիմայի փոփոխության ազդեցությունը պարենային մատակարարումների և գների վրա։
«Գյուղատնտեսական և պարենային գների փոխանցման ուղին հատուկ ուշադրության է արժանի կլիմայական սթրես-թեստավորման, սցենարային վերլուծության և ռիսկերի կառավարման գործընթացներում», — գրել են Oxford Economics-ի հետազոտողները։
