Իրանում գնաճը հասել է ամենաբարձր մակարդակին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
Ավելի քան երեք ամիս առաջ Իրանում պատերազմ սկսվեց, և դրա հետևանքով երկրում գնաճը հասել է վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակին։ Այդ մասին հայտնում է Spiegel գործակալությունը։
Տնտեսական թեմաներով մասնագիտացած, Թեհրանում գործող Bamdad ինստիտուտը հայտարարել է, որ արձանագրվել են գների աճի ամենաբարձր տեմպերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Պետական Irna գործակալության փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի տվյալներով, մայիսին քաղաքային բնակավայրերում սպառողական գների ինդեքսը 77.2%-ով բարձր է եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին տասներկու ամիսների միջին գնաճը կազմել է 53.9%։
Նախորդ ամսվա համեմատ նույնպես գնաճն ուժեղացել է։ Մասնավորապես, ապրիլի համեմատ՝ ռեստորանների և հյուրանոցների գները աճել են 88%-ով։ Մոտ 20%-ով ավելացել են նաև առողջապահության, տրանսպորտի, հեռահաղորդակցության և կենցաղային ծառայությունների ծախսերը։
Միևնույն ժամանակ, խոշոր քաղաքների բնակիչները հայտնում են սննդամթերքի և սրճարանների գների ավելի զգալի թանկացման մասին, որոնք փետրվարի վերջից ընթացող պատերազմի ընթացքում որոշ վայրերում աճել են ավելի քան երկու անգամ։ Արդյունքում շատ մարդիկ ստիպված են եղել սահմանափակել իրենց ծախսերը և այժմ գնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Իրանական ռիալը նույնպես շարունակել է արժեզրկվել եվրոյի նկատմամբ։
2025 թվականի վերջին գնաճի ահռելի չափերը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձան Թեհրանում։ Դեկտեմբերին ազգային արժույթը մի քանի ժամվա ընթացքում հասավ պատմական նոր նվազագույնի։ Արժույթի կտրուկ անկումը կաթվածահար արեց առևտուրը և շուկաներում ու գործարար շրջանակներում առաջացրեց լուրջ խառնաշփոթ։
