ՕՊԵԿ+-ի երկրները հուլիսին օրական 188 հազար բարելով կավելացնեն նավթի արդյունահանման քվոտան
ՕՊԵԿ+ դաշինքի յոթ երկրներ հաստատել են հուլիս ամսին նավթի արդյունահանման քվոտաների՝ օրական 188 հազար բարելով ավելացումը։ Արդյունքում միավորման ընդհանուր քվոտան ամռան երկրորդ ամսին կհասնի օրական 35.83 միլիոն բարելի՝ առանց հաշվի առնելու համաձայնագրի պայմանները խախտած երկրների համար նախատեսված փոխհատուցման մեխանիզմները։ Այս երկրների նախարարների հերթական հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին։
Գործարքի հիմնական մասնակիցները՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան հաջորդ ամիս կկարողանան ավելացնել արդյունահանումն օրական 62 հազար բարելով՝ համապատասխանաբար հասնելով օրական 9.824 միլիոն և 10.353 միլիոն բարելի մակարդակի։
Իրաքը կկարողանա արդյունահանումն ավելացնել օրական 26 հազար բարելով, Քուվեյթը՝ 16 հազար բարելով, իսկ Ալժիրը՝ 6 հազար բարելով։
Ղազախստանի և Օմանի համար սահմանված սահմանաչափերը նույնպես աճել են՝ համապատասխանաբար օրական 10 հազար և 5 հազար բարելով։ Ավելի վաղ այս երկրների նկատմամբ կիրառվել էին փոխհատուցման ժամանակացույցեր՝ նախորդ ժամանակահատվածներում արդյունահանման թույլատրելի ծավալները գերազանցելու պատճառով, որոնք գործում են մինչև հունիսի վերջը։ Միևնույն ժամանակ, հանդիպման ամփոփիչ փաստաթղթում ընդգծվում է, որ փոխհատուցման ընդհանուր ժամկետը որոշվել է երկարաձգել մինչև 2026 թվականի վերջը։
