Եվրոպայի գազի պաշարները ռիսկի տակ են հայտնվել Իտալիայի պատճառով
Եվրոպան փորձում է ավելացնել գազի պաշարները, սակայն բախվում է ոչ ակնհայտ խոչընդոտի․ խնդիրը ոչ միայն հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումներն են կամ պահեստարանների լցվածության նպատակային ցուցանիշները։ Reuters-ի փոխանցմամբ՝ առանցքային գործոն է դարձել Ալպերի ջրամբարների վիճակը, որոնցից մեծապես կախված է Իտալիայի հիդրոէներգետիկան։
Երբ Իտալիայում հիդրոէներգետիկան ակտիվ է աշխատում, այն նվազեցնում է գազի սպառումը և օգնում կայունացնել ամբողջ տարածաշրջանի գազային հաշվեկշիռը։ Սակայն արտադրության անկման դեպքում Եվրոպայի երրորդ խոշոր գազ սպառողը ստիպված է ավելի շատ վառելիք օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու համար՝ կրճատելով հարևանների համար հասանելի ծավալները։
Այս տարի Իտալիայում հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը նորմայից ավելի քան մեկ քառորդով ցածր է եղել՝ տաք և չոր ձմռան պատճառով։ LSEG-ի և Ember-ի տվյալներով՝ դրա հետևանքով գազային էլեկտրակայանների արտադրությունը հասել է վերջին չորս տարվա առավելագույն մակարդակին։ Ձյան թույլ ծածկույթը և տաք գարունը արագացրել են հալոցքը, ինչի պատճառով հիդրոէներգետիկ արտադրության գագաթնակետը, հավանաբար, արդեն անցել է։
Ամռանը եվրոպական օպերատորները սովորաբար լրացնում են գազի պահեստարանները, երբ պահանջարկը նվազագույն է։ Սակայն եթե Իտալիան նույն ժամանակահատվածում ավելացնի գազի այրումը՝ օդորակիչների օգտագործման աճի կամ էլեկտրաէներգիայի սպառման այլ տատանումների պատճառով, պահուստների համալրումը կարող է դժվարանալ։ Դա սպառնում է նվազեցնել առաջարկը և բարձրացնել գները։
Իտալիան այժմ առաջատարներից է գազապահեստարանների լցվածության մակարդակով․ LSEG-ի տվյալներով՝ երկրի պահեստարանները լցված են 61%-ով, մինչդեռ Եվրոպայում ընդհանուր ցուցանիշը մոտ 41% է՝ վերջին մի քանի տարվա նվազագույն մակարդակներից մեկը։ Միևնույն ժամանակ, հունվար-մայիսին Իտալիայում հիդրոէլեկտրաէներգիայի միջին արտադրությունը կազմել է 2472 ՄՎտ·ժ/ժ, ինչը 28%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածից և ամենացածր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։
Այս բացը լրացնելու համար իտալական ընկերությունները ավելացրել են գազային էլեկտրակայանների արտադրությունը․ հունվար-մայիսին այն տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հասնելով 11 400 ՄՎտ·ժ/ժ-ի։ Մայիսին գազային արտադրությունը կազմել է 7373 ՄՎտ·ժ/ժ՝ 35%-ով ավելի, քան 2025 թվականի մայիսին, երբ հիդրոէներգետիկան, հակառակը, 38%-ով ավելի ուժեղ էր։
Խնդիրն ավելի լայն է, քան մեկ տարվա ցուցանիշները։ Կլիմայի տաքացումը նվազեցնում է Ալպերում ձյան ծածկույթը, արագացնում գոլորշիացումը և ավելի անկանխատեսելի դարձնում տեղումները։ Արդյունքում Իտալիայի հիդրոէներգետիկան, որը նախկինում կայուն հենարան էր երկրի էներգահամակարգի համար, դառնում է պակաս կանխատեսելի՝ հատկապես գարնանն ու ամռանը, երբ Եվրոպան փորձում է վերականգնել գազի պաշարները։ Reuters-ի գնահատմամբ՝ գազի եվրոպական պահուստներին հետևող վերլուծաբանները պետք է ուշադրություն դարձնեն նաև Իտալիայում ներքին արդյունահանման հնարավոր աճին, որը կարող է համընկնել պահեստարանների լցման պիկի հետ։
