ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո նավթի արդյունահանումը կհասցնի օրական 5 մլն բարելի
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի ԱՄԷ-ն օրական կարդյունահանի ավելի քան 5 միլիոն բարել նավթ՝ շարունակելով արտադրության աճը երկրի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո։
ՄԷԳ-ի տվյալներով՝ ԱՄԷ-ի նավթի ընդհանուր արդյունահանումը մինչև 2027 թվականը կհասնի օրական 5.2 միլիոն բարելի, ինչը 730 հազար բարելով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Արտադրության նման աճը ԱՄԷ-ին դարձնում է առաջարկի ընդլայնման կարևոր մասնակից ՕՊԵԿ+-ից դուրս։
ԱՄԷ-ն այս տարվա սկզբին հայտարարեց ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին՝ նշելով, որ այդ որոշումը թույլ կտա կենտրոնանալ արդյունահանման հզորությունների ընդլայնման և բնական ռեսուրսների արժեքի առավելագույն օգտագործման վրա՝ առանց կազմակերպության քվոտաների սահմանափակումների։
ՄԷԳ-ի տվյալներով՝ երկրի հում նավթի արդյունահանման հզորությունները 2016 թվականի օրական 3.1 միլիոն բարելից աճել են մինչև գրեթե 4.4 միլիոն բարել՝ 2026 թվականին, իսկ կոնդենսատի և բնական գազից ստացվող հեղուկ ածխաջրածինների արտադրական հզորությունները կազմում են մոտ 1.1 միլիոն բարել օրական։
Աբու Դաբիի պետական նավթային ընկերությունն անցյալ ամիս հայտնել էր, որ 2026-2028 թվականներին 200 միլիարդ դիրհամ (55 միլիարդ դոլար) կուղղի նախագծերի իրականացմանը՝ աճի նպատակներն ու զարգացման ռազմավարությունը խթանելու համար։ Ընկերության կապիտալ ներդրումները 2026-2030 թվականների համար նախատեսված են 150 միլիարդ դոլարի չափով։
ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը բարենպաստ շուկայական պայմանների դեպքում կարող է նավթի արդյունահանման հզորությունները հասցնել օրական 6 միլիոն բարելի, սակայն ընդգծել էր, որ դա պաշտոնական նպատակային ցուցանիշ չէ։
ՄԷԳ-ի տվյալներով՝ ԱՄԷ-ի արտահանումը մնում է կայուն՝ չնայած Իրանի հետ հակամարտությամբ պայմանավորված խափանումներին։ Դրան նպաստում են ենթակառուցվածքները՝ ներառյալ Հաբշան–Ֆուջեյրա նավթատարը՝ օրական 1.8 միլիոն բարել թողունակությամբ, ինչպես նաև Ֆուջեյրայի 42 միլիոն բարել տարողությամբ պահեստները։
Մայիսին ընդհանուր արտահանումը նախորդ ամսվա համեմատ աճել է 260 հազար բարելով և հասել օրական 3.1 միլիոն բարելի, մինչդեռ հում նավթի արդյունահանումը կազմել է 2.8 միլիոն բարել օրական, ինչը մոտ 835 հազար բարելով ցածր է նախաճգնաժամային մակարդակից։
Արտահանման աճը մասամբ պայմանավորված է «մոխրագույն գոտու» գործունեության ակտիվացմամբ. ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթատար տանկերներն ավելի հաճախ են երթևեկում Օմանի ափամերձ գոտում՝ անջատված տրանսպոնդերներով։
Աբու Դաբիի պետական նավթային ընկերությունն արագացնում է «Արևմուտք-Արևելք» նոր խողովակաշարի կառուցումը, որը թույլ կտա կրկնապատկել Ֆուջեյրայի արտահանման հզորությունները և շրջանցել Հորմուզի նեղուցը։ Նախագծի մոտ 50%-ն իրականացված է, իսկ շահագործման հանձնումը նախատեսված է 2027 թվականին։
