Դոնալդ Թրամփը որոշել է էմբարգո սահմանել ԱՄՆ-ի դաշնակցի նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է նախապատրաստել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ էմբարգոյի սահմանումը, թեև Իսպանիան Վաշինգտոնի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, առևտրի նախարարությունը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը պետք է Թրամփին ներկայացնեն «իսպանական ապրանքների ցանկ», որոնց նկատմամբ առաջիկա օրերին կարող է սահմանվել էմբարգո։
Հոդվածում նշվում է, որ Սպիտակ տան նման քայլը կարող է հրահրել առևտրային պատերազմ ԱՄՆ-ի և ամբողջ Եվրոպական միության միջև։ Ըստ հրապարակման՝ ԵՄ անդամ երկրի նկատմամբ էմբարգոյի կիրառումը «կքանդի» անցյալ տարի Վաշինգտոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված համաձայնագիրը։
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել դադարեցնել Իսպանիայի հետ առևտուրը, ինչպես նաև կասեցնել երկու երկրների միջև պաշտոնական այցերը։ Նա Մադրիդին մեղադրել էր ՆԱՏՕ-ի գործունեությանը ոչ բավարար ներդրում ունենալու մեջ։
«Իսպանիան անհույս դեպք է։ Նրանք չեն մասնակցում, նրանք չեն վճարում։ Ես չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ։ Դադարեցրեք ամբողջ առևտուրը Իսպանիայի հետ», – հայտարարել էր նա։
