Ամերիկյան կորպորացիաները թանկարժեք նեյրոցանցերի փոխարեն նախընտրում են բաց կոդով համակարգեր
ԱՄՆ-ի կորպորատիվ հատվածը փոխում է արհեստական բանականության ոլորտում ծախսերի իր ռազմավարությունը՝ ամենախոշոր և ամենաթանկ նեյրոցանցերից անցում կատարելով ավելի մատչելի և արդյունավետ բաց կոդով համակարգերի, հաղորդում է CNBC-ն։ Ընկերություններն ընտրում են հիբրիդային լուծումներ, որոնք պարզ առաջադրանքներն ավտոմատ կերպով փոխանցում են ավելի հասանելի մոդելներին, իսկ բարդ հաշվարկները՝ OpenAI-ի կամ Anthropic-ի պրեմիում լուծումներին։
Perplexity-ի գլխավոր գործադիր տնօրեն Արավինդ Սրինիվասի խոսքով՝ «մոդելն ինքնին այլևս արտադրանք չէ»՝ իր տեղը զիջելով օրկեստրացիոն համակարգերին, որոնք յուրաքանչյուր կոնկրետ առաջադրանքի համար ընտրում են առավել արդյունավետ գործիքը։
Benchmark վենչուրային ընկերության գլխավոր գործընկեր Փիթեր Ֆենթոնի գնահատմամբ՝ առաջիկա 1.5-2 տարվա ընթացքում արհեստական բանականության կողմից գեներացված բոլոր թոքենների ավելի քան 90%-ը բաժին կընկնի բաց մոդելներին։
«Առաջատար ընկերությունների շահութաբերությունը կհայտնվի ճնշման տակ, երբ հաճախորդները կարողանան գործարկել բարձրորակ բաց մոդելներ՝ առանց դրանց հավելավճարի», – նշել է նա։
Բաց կոդով նեյրոցանցերի հետ աշխատանքը պարզեցնող Ollama հարթակն արդեն ներդրված է Fortune 500 ցուցակի ընկերությունների ավելի քան 85%-ում։
Ավելի վաղ արհեստական բանականության շուկայում մրցակցությունը հիմնականում կենտրոնացած էր առավել հզոր համակարգերի ստեղծման և տարբեր թեստերում բարձր արդյունքներ ապահովելու վրա։ Սակայն հզոր բաց մոդելների ի հայտ գալը, այդ թվում՝ չինական Z.ai և DeepSeek լաբորատորիաներից, ստիպել է ներդրողներին կասկածել, թե արդյոք խոշորագույն մշակողները կկարողանան պահպանել իրենց գնային առավելությունը։ Փորձագետների կարծիքով՝ այս միտումը կարող է փոխել նաև տվյալների մշակման կենտրոնների կառուցման մոտեցումը, քանի որ սովորական հաշվարկների մի մասը կկատարվի անմիջապես օգտատերերի սարքերում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

