Կանադան և ԵՄ-ն պատրաստվում են ամրապնդել գործընկերությունը Վաշինգտոնի հետ տարաձայնությունների ֆոնին
Վաշինգտոնի և Օտտավայի միջև տարաձայնությունների սրման ֆոնին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցի Եվրամիության կարևոր քաղաքական միջոցառմանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի՝ ԵՄ վիճակի մասին ամենամյա ելույթին։
Եվրահանձնաժողովի՝ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին մոտ կանգնած պաշտոնյան Politico-ին հաստատել է, որ Քարնին ընդունել է Ստրասբուրգում նրա՝ ԵՄ վիճակի մասին ելույթին ներկա գտնվելու հրավերը, որի ընթացքում ֆոն դեր Լայենը կներկայացնի միության գործունեության առաջնահերթությունները։
«Ամառային արձակուրդներից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հրավիրել էր վարչապետ Քարնիին մասնակցելու իր ելույթին (Եվրոպական խորհրդարանում — ԻՖ), ինչը պետք է դառնա ԵՄ-ի և Կանադայի հարաբերությունների սերտության ուժեղ խորհրդանիշ, ինչպես նաև հստակ ցույց տա երկու կողմերի մտադրությունն ու ձգտումը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը,— Politico-ին ասել է աղբյուրը։— Այս բարդ ժամանակներում մեր հարաբերությունների ամրապնդումն ամբողջ աշխարհում կենսական նշանակություն ունի»։
Նա նաև հայտնել է, որ Քարնին ֆոն դեր Լայենի ելույթից հետո, հանդես կգա Եվրոպական խորհրդարանում։
Ավելի վաղ, Քարնիի կառավարությունը դուրս էր եկել բանակցություններից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նշանակալի առևտրային համաձայնագրի շուրջ, ընդ որում՝ երկու կողմերն էլ միմյանց մեղադրել էին վերջին պահին պայմաններ պարտադրելու մեջ։ Վաշինգտոնը մաքսատուրքեր էր սահմանել կանադական արտահանման նկատմամբ, ինչին ի պատասխան Կանադան խիստ մաքսատուրքեր էր սահմանել ամերիկյան պողպատի և ալյումինի նկատմամբ։
«Կանադայի վարչապետը հանդես է գալիս ազատ առևտրին աջակցող ժողովրդավարական երկրների դաշինքի օգտին և ձգտում է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների»,— գրում է Politico-ն։
