Հուլիսին ՏՀԶԿ երկրներում գնաճը դանդաղել է՝ հասնելով 4.1%-ի
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 4.1%-ով, ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
Այսպիսով, գնաճի տեմպը դանդաղել է հունիսի 4.2%-ի համեմատ։
Գնաճի թուլացում է արձանագրվել 14 երկրում, 11 պետությունում գների աճի տեմպերը գրեթե չեն փոխվել, իսկ 13-ում աճել են։
Ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 31.8%։ 5%-ից բարձր գնաճ է արձանագրվել Կոլումբիայում, Իսլանդիայում և Լիտվայում։ Միևնույն ժամանակ Կոստա Ռիկայում գները նվազել են 0.3%-ով։
ՏՀԶԿ երկրներում էներգակիրների արժեքը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 11.6%-ով՝ նախորդ ամսվա 11.7% աճից հետո։ Սննդամթերքը թանկացել է 3.2%-ով՝ հունիսին արձանագրված 3.4% աճից հետո։
Սպառողական գների աճը՝ առանց սննդամթերքի և էներգակիրների արժեքի հաշվառման, այսինքն՝ բազային գնաճը, հուլիսին կազմել է 3.6%, նույնքան, որքան մեկ ամիս առաջ։
G20-ի երկրների գնաճը հունիսի 4.1%-ից դանդաղել է մինչև 3.9%, իսկ G7-ի երկրներում մնացել է 3% մակարդակում։
1961 թվականին հիմնադրված ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն է, որը միավորում է 38 պետություն։ Ներկայում կազմակերպության անդամներն են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։
