Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ում բենզինի գների նվազում՝ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Միացյալ Նահանգներում բենզինի գները կնվազեն։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ չգիտի, թե երբ երկրում բենզինի գները կարող են կրկին նվազել։
«Նավթի գները կտրուկ կնվազեն, ինչպես և մնացած ամեն ինչի գները, իսկ Իրանի դեմ պատերազմում հաղթելուց հետո՝ առավել ևս։ Բենզինի գինը կկազմի 3 դոլար՝ մեկ գալոնի դիմաց, իսկ ի վերջո՝ մեկ գալոնի դիմաց կիջնի 2 դոլարից էլ ցածր», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց։ Ներկայում հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։
Հակամարտության սրման հետևանքով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե ամբողջությամբ դադարել է։ Այն նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարման կարևորագույն ուղիներից մեկն է։ Արդյունքում վառելիքի գներն աճել են աշխարհի երկրների մեծ մասում։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի միջին գինն այժմ կազմում է մոտ 4.1 դոլար մեկ գալոնի դիմաց (մոտ 3.8 լիտր)։
