ՕՊԵԿ-ը վերանայել է 2026-ին աշխարհում նավթի պահանջարկի աճի կանխատեսումը
ՕՊԵԿ-ի վերլուծաբանները հինգերորդ ամիսն անընդմեջ նվազեցնում են 2026 թվականի համար աշխարհում նավթի պահանջարկի աճի կանխատեսումը։ Այժմ նրանք ակնկալում են, որ պահանջարկը կավելանա օրական 0.38 մլն բարելով՝ հասնելով օրական 105.84 մլն բարելի, ասվում է կազմակերպության ամսական զեկույցում։
Նախորդ կանխատեսմամբ նախատեսվում էր պահանջարկի աճ օրական 0.58 մլն բարելով։ Այսպիսով, գնահատականը նվազեցվել է օրական 200 հազար բարելով։
Վերանայումը պայմանավորված է ՏՀԶԿ անդամ երկրներում նավթի պահանջարկի վերաբերյալ սպասումների վատթարացմամբ։ Եվրոպական երկրներում պահանջարկի նվազման կանխատեսումը վատթարացվել է օրական 120 հազար բարելից մինչև 190 հազար բարել, իսկ ասիական երկրներում՝ 170 հազար բարելից մինչև 210 հազար բարել։ Բացի այդ, Չինաստանում սպասվում է պահանջարկի աճի ավելի դանդաղ տեմպ՝ օրական ընդամենը 10 հազար բարելով՝ նախորդ զեկույցում կանխատեսված 90 հազար բարելի փոխարեն։
ՕՊԵԿ-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ՏՀԶԿ-ին չանդամակցող երկրներում նավթի ընդհանուր պահանջարկը 2026 թվականին կկազմի օրական 59.7 մլն բարել՝ սպառման ընդհանուր ծավալի օրական 0.49 մլն բարելով աճի պայմաններում (նախորդ կանխատեսումը՝ 0.61 մլն բարել)։ ՏՀԶԿ երկրներում նավթի պահանջարկը, ինչպես ակնկալվում է, նախորդ տարվա համեմատ կնվազի օրական 110 հազար բարելով (նախորդ կանխատեսումը՝ 40 հազար բարելի անկում) և կկազմի օրական 46.14 մլն բարել։
Դաշինքի վերլուծաբանները բարձրացրել են 2026 թվականի առաջին, երրորդ և չորրորդ եռամսյակների նավթի պահանջարկի գնահատականները՝ համապատասխանաբար մինչև օրական 106.29 մլն, 106.27 մլն և 107.85 մլն բարել։ Միաժամանակ նրանք ավելի էականորեն նվազեցրել են երկրորդ եռամսյակի պահանջարկի գնահատականը՝ հասցնելով այն օրական 102.92 մլն բարելի։
Նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ ՕՊԵԿ-ի թարմացված գնահատականներն են՝ 2025 թվականին՝ օրական 105.46 մլն բարել (նախորդ կանխատեսումը՝ 105.16 մլն բարել), 2026 թվականին՝ 105.84 մլն բարել (նախկինում՝ 105.74 մլն բարել), իսկ 2027 թվականին՝ 108.19 մլն բարել (նախկինում՝ 107.9 մլն բարել)։
Այսպիսով, դաշինքի վերլուծաբաններն ակնկալում են, որ հաջորդ տարի աշխարհում նավթի պահանջարկը կաճի օրական 2.36 մլն բարելով, ինչn օրական 200 հազար բարելով ավելի է, քան նախորդ կանխատեսմամբ նախատեսված 2.16 մլն բարելի աճը։ Ակնկալվում է, որ ՏՀԶԿ-ին չանդամակցող երկրներում նավթի պահանջարկը կավելանա օրական 1.92 մլն բարելով (նախորդ կանխատեսումը՝ 1.82 մլն բարել), իսկ ՏՀԶԿ երկրներում՝ օրական 430 հազար բարելով (օգոստոսյան գնահատականը՝ 340 հազար բարել)։
Հուլիսի նախնական տվյալների համաձայն՝ ՏՀԶԿ երկրների նավթի առևտրային պաշարները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 9.8 մլն բարելով՝ հասնելով 2.763 մլրդ բարելի։ Սա 57 մլն բարելով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, 47.9 մլն բարելով ցածր է վերջին հինգ տարիների միջին ցուցանիշից և 206.4 մլն բարելով ցածր է 2015-2019 թվականների միջին մակարդակից (այս ցուցանիշը հանդիսանում է ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակում վերահսկվող առևտրային պաշարների հենանիշային մակարդակը)։
Մասնավորապես, հուլիսին ՏՀԶԿ երկրների նավթի պաշարները հունիսի համեմատ ավելացել են 5.5 մլն բարելով՝ հասնելով 1.313 մլրդ բարելի, իսկ նավթամթերքի պաշարները՝ 4.3 մլն բարելով՝ մինչև 1.451 մլրդ բարել։
