Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել վառելիքի գների բարձրացման պատճառով
Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ իշխանությունների որոշման՝ դիզելային վառելիքի և բենզինի գները 28-40%-ով բարձրացնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The National-ը։ Ցույցերը սկսվել են Սիրիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում:
Ցուցարարներն անվադողեր են այրել և ավտոճանապարհներ փակել։ Փակված ճանապարհների թվում է եղել M-5 միջազգային մայրուղին՝ Իդլիբ նահանգի հատվածում։
Կառավարությունը նավթամթերքի գների բարձրացման մասին հայտարարել է սեպտեմբերի 13-ին։ Դիզելային վառելիքի գինն աճել է մոտ 40%-ով, իսկ բենզինինը՝ 28%-ով։ Կառավարությունը գների բարձրացումը ժամանակավոր է անվանել և այն բացատրել վառելիքի մատակարարման համաշխարհային ծախսերի աճով։ Խնդիրների պատճառներից են Հորմուզի նեղուցում և այլ ծովային երթուղիներում նավագնացության խափանումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև փետրվարի 28-ին սկսված հակամարտության պատճառով բեռնափոխադրման և բեռների ապահովագրության ծախսերի աճը։
