ԵՀ նախագահը Եվրոպայի համար էներգիայի գները չափազանց բարձր է անվանել
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պահպանել արդյունաբերական տերության իր կարգավիճակը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով առաջացած էներգակիրների «չափազանց բարձր» գների պայմաններում։
«Եվրոպան չի կարող արդյունաբերական տերություն մնալ, եթե էներգիայի գները չափազանց բարձր լինեն», – ասել է նա՝ Եվրոպական խորհրդարանում հանդես գալով ամենամյա զեկույցով։
ԵՀ նախագահի գնահատմամբ՝ Եվրամիության տնտեսությունը Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքներին դիմակայել է սպասվածից ավելի լավ, սակայն էներգիայի գների ճնշումն արդեն զգացվում է։ Այդ պատճառով ներկայիս կազմով Եվրահանձնաժողովը մանդատի մեկնարկից ի վեր իրականացնում է տնտեսության կառուցման ծրագիր, որի շրջանակում նորարարությունն ու էներգետիկան դառնում են ԵՄ միասնական խնդիր՝ դուրս գալով առանձին երկրների և ձեռնարկությունների շրջանակներից։
Նա հիշեցրել է ԵՄ-ի ներդրումների մասին վերականգնվող էներգիայի աղբյուրների և միջուկային էներգետիկայի ոլորտներում, սակայն նշել է, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամը զգալի վնաս է հասցրել Եվրամիության տնտեսությանը՝ բարձրացնելով էներգակիրների գները։ Հակամարտության մեկնարկից ի վեր դա Եվրոպային լրացուցիչ 90 մլրդ եվրո է արժեցել էներգիայի համար։
«Մենք պետք է կրկնապատկենք մաքուր, սեփական և մատչելի էներգիայի արտադրությանն ուղղված ջանքերը՝ լինի դա վերականգնվող կամ միջուկային էներգիա, կենսամեթանից ստացվող էներգիա կամ որևէ այլ աղբյուր։ Կարևոր չէ, թե որ տեխնոլոգիան է կիրառվում, եթե այդ էներգիան ծառայում է մեր անկախությանը և նվազեցնում գները», – նշել է ԵՀ նախագահը։
Միևնույն ժամանակ ֆոն դեր Լայենը Եվրոպայի էներգետիկ անկախության ամրապնդման ծրագրերը կապում է «ռուսական հանածո վառելիքից թունավոր կախվածությունից» ազատվելու հետ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի անկախությունը կապված է նաև Եվրոպայի էլեկտրաֆիկացման ուժեղացման հետ։
«Մեր նպատակն է մինչև 2040 թվականը կրկնապատկել էլեկտրաէներգիայի մասնաբաժինը: Այդպիսով Եվրոպան կկարողանա տարեկան մոտ 260 մլրդ եվրոյով կրճատել հանածո վառելիքի ներմուծման ծախսերը: Սակայն մենք նաև պետք է ապահովենք մեր արտադրած էլեկտրաէներգիայի մատչելիությունը։ Անցած տարի մենք շահագործման ենք հանձնել ավելի քան 80 գիգավատ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի արտադրական հզորություններ։ Սակայն էլեկտրացանցին միացման են սպասում դրանից վեց անգամ ավելի մեծ հզորություններ։ Հենց այդ պատճառով մեզ այնքան անհրաժեշտ է էլեկտրացանցերի զարգացման միջոցառումների փաթեթը։ Մենք պետք է ավելի ակտիվ ներդրումներ կատարենք, արագացնենք ցանցերին միացումը և զարգացնենք էներգիայի պահպանման համակարգերը։ Մի խոսքով՝ եկեք Եվրոպայի ապագան էլեկտրական դարձնենք»:
