Երևան քաղաքում կներդրվի նավիգացիոն համակարգ
Այս տարվա ընթացքում նախատեսվում է Երևան քաղաքում ներդնել նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև տեղեկացրել է, որ այս տարի WGS – 84 (ՎԻ ՋԻ ԷՍ -84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների արդյունքում կստեղծվեն ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ: