ԱՄՀ-ն գնահատել է Ասիայի ներդրումը համաշխարհային տնտեսական աճում
2026 թվականին համաշխարհային տնտեսական աճում Ասիայի ներդրումը հասել է 68%-ի, իսկ ասիական երկրներում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը նվազել է ավելի քան 25%-ից մինչև 5%։ Այս մասին Բանգկոկում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստալինա Գեորգիևան՝ հիմնադրամի «Ասիայի ապագայի ձևավորումը» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ։
«Խորհրդանշական է, որ մենք գտնվում ենք Թաիլանդում: 1990 թվականից ի վեր համաշխարհային տնտեսական աճի գրեթե երկու երրորդը բաժին է ընկել Ասիային։ Այս տարի այդ ռեկորդը գերազանցվել է․ համաշխարհային աճում Ասիայի ներդրումը կազմել է 68%։ Եվ, որ ավելի կարևոր է, այդ աճն իրական օգուտ է բերել մարդկանց։ Հենց Ասիայում ենք ականատես եղել աղքատության առավել զգալի կրճատմանը․ ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը նվազել է ավելի քան 25%-ից մինչև 5%-ից պակաս», – ասել է նա։
Գեորգիևան անդրադարձել է Ասիայի զարգացման վրա ազդող հիմնական գործոններին՝ ժողովրդագրական փոփոխություններին, տեխնոլոգիական զարգացմանը և տնտեսական ինտեգրմանը։ ԱՄՀ-ի գնահատականներով՝ մինչև 2050 թվականը տարածաշրջանում 65 տարեկանից բարձր բնակչության մասնաբաժինը կկրկնապատկվի՝ հասնելով ընդհանուր բնակչության մեկ հինգերորդին։ Միաժամանակ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաները կարող են էական դեր խաղալ ժողովրդագրական անկման հետևանքները հաղթահարելու գործում։
«Կանխատեսումների համաձայն՝ արհեստական բանականությունը կարող է 0.5-1 տոկոսային կետով արագացնել բնակչության ծերացման պայմաններում գտնվող Ասիայի զարգացած երկրների տնտեսական աճը։ Պատկերացրեք՝ աճի ևս 1%։ Ուշագրավն այն է, որ արտադրողականության բարձրացման շնորհիվ երկրները կկարողանան լիովին փոխհատուցել ժողովրդագրական ճնշումը՝ ամբողջությամբ չեզոքացնելով բնակչության ծերացման գործոնը», – նշել է նա։
Գեորգիևան ընդգծել է, որ երիտասարդ բնակչություն ունեցող երկրներում արհեստական բանականության ներդրումը կարող է լրացուցիչ 0.2-0.8 տոկոսային կետով արագացնել տնտեսական աճը և օգնել «ժողովրդագրական շահաբաժինը» վերածել աշխատատեղերի ու կենսամակարդակի բարձրացման։
Հիմնադրամի ղեկավարը ռազմավարական մեկ այլ ուղղություն է համարել տարածաշրջանի ներսում առևտրի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակում կապերի խորացումը՝ համաշխարհային տնտեսության մասնատման պայմաններում։
«Ավելի խոր տարածաշրջանային առևտրային համաձայնագրերը և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը երկարաժամկետ հեռանկարում կարող են տարածաշրջանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ավելացնել շուրջ 1.8%-ով։ Դա նաև թույլ կտա դիվերսիֆիկացնել շուկաները և Ասիան դարձնել շատ ավելի ինքնաբավ ու սեփական տարածաշրջանի վրա կենտրոնացած», – հավելել է նա։
ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենը նախազգուշացրել է, որ բարձր անկայունությունը և կլիմայական ռիսկերը կպահպանվեն։ Դրանց թվում են նաև Էլ Նինյո բնական կլիմայական երևույթի հետևանքները։ Նրա խոսքով՝ աշխարհն անխուսափելիորեն բախվելու է անորոշության աճին, մինչդեռ «տնտեսական հորիզոնը գնալով ավելի ու ավելի խիտ մառախուղով է պատվելու»։
