Գերմանիայի ավտոարդյունաբերության ոլորտում կարող է վերանալ գրեթե 200 հազար աշխատատեղ
Եվրոպական ավտոարտադրողները բախվում են չինական ընկերությունների կողմից աճող մրցակցության, որոնք առաջարկում են ավելի էժան ավտոմեքենաներ։ Միայն Գերմանիայում վտանգված է 200 հազար աշխատատեղ։ Ճգնաժամի հետևանքները կարող են անդրադառնալ նաև Ավստրիայի վրա, հայտնում է Heute թերթը։
Ինչպես գրում է թերթը, Եվրոպայի երկու խոշորագույն ավտոկոնցեռնները՝ Volkswagen-ը և Stellantis-ը, կոչ են արել ԵՄ-ին վերանայել մրցակցության կանոնները։ Խոսքը ոչ միայն ավտոարտադրության ապագայի, այլև հարյուր հազարավոր աշխատատեղերի մասին է։
Հետևանքները կարող են անդրադառնալ նաև Ավստրիայի ավտոմոբիլային բաղադրիչներ արտադրող ընկերությունների վրա։
Իրավիճակի լրջության մասին են վկայում ավտոմոբիլային ոլորտի հեռանկարների վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Այն անցկացվել է Roland Berger խորհրդատվական ընկերության կողմից՝ գերմանական Manager Magazin պարբերականի պատվերով։ Կանխատեսման համաձայն՝ մինչև 2031 թվականը Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը կարող է կորցնել 200 հազար աշխատատեղ։
Հետևանքները կարող են զգացվել Գերմանիայի սահմաններից շատ ավելի հեռու։ Ավստրիական ձեռնարկությունները, որոնք եվրոպական ավտոկոնցեռններին մատակարարում են դետալներ և բաղադրիչներ, սերտորեն կապված են նրանց արտադրական գործընթացների հետ։ Եթե Եվրոպայում ավտոմեքենաների արտադրության ծավալները կրճատվեն, կնվազի նաև ավստրիական մատակարարների արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Փարիզի ավտոսրահում Volkswagen-ը և Stellantis-ը հանդես են եկել ոլորտին աջակցելու համատեղ միջոցառումների օգտին։ Ավտոկոնցեռնները պահանջում են, որ ԵՄ-ն առավել էական աջակցություն ցուցաբերի եվրոպական արտադրողներին և ապահովի մրցակցության հավասար պայմաններ։
«Մենք ցանկանում ենք բաց շուկաներ, բայց մրցակցության հավասար պայմաններով», – ասել է Volkswagen-ի ղեկավար Օլիվեր Բլումեն:
Խնդիրն այն է, որ չինական ավտոարտադրողները պետական սուբսիդիաներ են ստանում և գործում են արտադրության համար առավել բարենպաստ պայմաններում։
Եվրոպական ընկերությունները, ընդհակառակը, բախվում են էներգիայի, նյութերի և արտադրության ավելի բարձր ծախսերի։ Ըստ էության, ավտոկոնցեռններն առաջարկում են ավելի ակտիվորեն խրախուսել չինական ընկերություններին՝ իրենց արտադրությունը Եվրոպա տեղափոխելու համար։ Այդ դեպքում նրանք կհայտնվեն նույն տնտեսական պայմաններում, ինչ տեղական արտադրողները։
Չինական արտադրողների ճնշումը հատկապես նկատելի է հիբրիդային ավտոմեքենաների հատվածում։ Չինական ապրանքանիշերն առաջարկում են ավտոմեքենաներ այնպիսի գներով, որոնց հետ եվրոպացի մրցակիցները դժվարանում են մրցակցել։
Ինչպես հայտնում է Kleine Zeitung-ը, չինական հիբրիդային ավտոմեքենաների մասնաբաժինը շուկայում զգալիորեն աճել է։ Եթե 2024 թվականին այն կազմում էր ընդամենը 2%, ապա այժմ հասել է 14%-ի։ Լիցքավորվող հիբրիդների հատվածում այդ ցուցանիշը կազմում է 25%։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Չինաստանից Եվրոպա տարեկան մատակարարվում է 600 հազարից մինչև 800 հազար հիբրիդային ավտոմեքենա։
Թեև ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը դանդաղեցրել են մատակարարումների աճը, այն ամբողջությամբ կասեցնել չի հաջողվել։ Այդ պատճառով եվրոպական արտադրողները սեփական դիրքերը պաշտպանելու այլ եղանակներ են փնտրում։
Չինական հիբրիդային ավտոմեքենաների ներմուծումը մինչև 350 հազար միավոր սահմանափակելու քննարկվող առաջարկը քննադատության է արժանանում։ Ներմուծման կրճատումն ինքնին չի երաշխավորում, որ Եվրոպայում նոր գործարաններ կստեղծվեն և նոր աշխատատեղեր կհայտնվեն։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

