ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազը կթանկանա 69%-ով
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի ներմուծումը կթանկանա 69%-ով։ Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ» զեկույցում։
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան գազի ներմուծման սցենարային գնահատման հիմքում ընկած է 1000 խմ-ի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ Ներկայիս բազային՝ 1000 խմ-ի դիմաց 177.5 դոլար գնի համեմատ թանկացումը կկազմի շուրջ 69%։
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 2013 թվականին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուկայական գինը, առանց սուբսիդավորման հաշվառման, կազմել է 1000 խմ-ի դիմաց շուրջ 270 դոլար։ Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ 2025 թվականին եվրոպական TTF բորսայում գազի միջին շուկայական գինը կազմել է 1000 խմ-ի դիմաց շուրջ 422 դոլար։
Նշվում է, որ ներկայացված գինը ցուցիչային բնույթ ունի։
«Համաշխարհային գազի շուկայում տիրող իրավիճակը հաշվի առնելով՝ մատակարարվող գազի պայմանագրային իրական գինը կարող է ավելի բարձր լինել։ Նշված պայմանների դեպքում Հայաստանի Հանրապետություն գազի ներմուծման արժեքը, ի տարբերություն ավելի վաղ դիտարկված խմբերի, կավելանա 268.5 մլն դոլարով կամ 69%-ով՝ 389 մլն դոլարից հասնելով 657.5 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ, այս աճը կուղեկցվի արտադրողների և տնային տնտեսությունների ծախսերի ավելացմամբ և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա գնաճի մակարդակի և ՀՆԱ-ի վրա», – ասվում է փաստաթղթում։
Զեկույցը ներկայացրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները՝ Եվրասիական միջկառավարական խորհրդում։
